Արդեն 4-րդ անգամ Հայաստանում կանցկացվի «Մոլորակի ժամ» ակցիան

Արդեն 4-րդ անգամ Հայաստանում կանցկացվի «Մոլորակի ժամ» ակցիան

PanARMENIAN.Net - «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիայի ընթացքում այսօր երեկոյան ժամը 20:30-21:30-ը Երևան, Վանաձոր և Կապան քաղաքներում կանջատվի քաղաքային նշանակության շենքերի, փողոցների և արձանների լուսավորությունը:

Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեցին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և նրանց գործընկերների ներկայացուցիչները:

«Մոլորակի ժամ» ակցիան Հայաստանում անցկացվում է արդեն 4-րդ անգամ, որի նպատակն է միավորել հասարակությանը և բիզնես աշխարհին, կառավարությանն ու համայնքներին մեկ ժամով անջատելու լույսերը հանուն մեր մոլորկի կենսական պայմաններրի և ռեսուրսների պահպանման:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը. «Հարգելի ընկերներ, աշխատակիցներ և գործընկերներ, եկեք մեկ անգամ ևս միանանք այս համընդհանուր շարժմանը Հայաստանում և եկեք մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններում, եկեք պաշտպանենք երկրագունդը և երաշխավորենք մարդկային բարեկեցությունը»:

WWF-ի Համագործակցության բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանի խոսքով, սա ուղղակի մարդկության որևէ խնդրի շուրջ համախմբելու փորձ է. «Մի ժամ անջատելով լույսերը մենք որևէ էական բան չենք փոխի մոլորակի կենսական պայամանների, կամ ռեսուրսների շահագործման հարցում, այստեղ առավել կարևոր է մարդկության համախմբման գաղափարը»:

ՀՀ բնապահպանության Շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանն էլ նման ակցիայի կարևորությունը համարում է բնապահպանական խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը հրավիրելը:

Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 135 երկրում մասնակցեցին այս իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը:

«Երկրի ժամ» ակցիան առաջին անգամ իրականացվել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, երբ 2,2 միլիոն անհատներ և 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամը» դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:

Անցած տարի «Մոլորակի ժամ» ակցիային մասնակցել են 135 երկրների ավելի քան 5200 քաղաքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---