«Նոր ալիքի» երևանյան փուլն աչքի է ընկնում ուժեղ մասնակիցներով, ասում են կազմակերպիչները

«Նոր ալիքի» երևանյան փուլն աչքի է ընկնում ուժեղ մասնակիցներով, ասում են կազմակերպիչները

PanARMENIAN.Net - «Նոր ալիք» երիտասարդ կատարողների երևանյան նախընտրական փուլն աչքի է ընկնում ուժեղ մասնակիցներով, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևը, և երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան: Երեկ տեղի է ունեցել մրցույթի հայաստանյան նախնական կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում ընտրվել են 30 մեծահասակներ և երեխաներ:

Մուխինայի խոսքով, այս տարին առանձնանում է ներկայացուցիների բարձր որակով, իսկ Ռումյանցևի խոսքով նրան Հայաստանում զարմացնում է երգացանկը: Նա ասաց, որ շատ երկրներում, այդ թվում և Ռուսաստանում մասնակիցները կարծես Խորհրդային Միությունում լինեն, իսկ հայ երիտասարդները կատարում են ժամանակակից ստեղծագործություններ, ինչպես նաև շատ են երգում եվրոպական երգեր:

Մրցույթի գործադիր տնօրեն Ստելլա Խաչանյանցն էլ իր հերթին ավելացրեց, որ այս տարի ընդունվել է 200 երեխաների և 400 մեծահասակների հայտ: Նախնական կիսաեզրափակչի արդյունքում հաջորդ փուլ են անցել Սուրեն Առուստամյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Աննա Աղամյանը և այլոք: Մասնակցության հայտ է ներկայացրել նաև 1 հայազգի կատարող Շանհայից և 2-ը` Ռուսաստանից:

Ազգային նախընտրական փուլերից հետո ընտրված ներկայացուցիչները ապրիլի 20-21-ը Մոսկվայում կփորձեն նվաճել Յուրմալայում անցկացվող մրցույթի ուղեգիր:

Անցած տարի մրցույթն ավելացրել էր մրցանակային ֆոնդը և հասցրել այն մինչև 100.000 եվրոյի: Ռումյանցևը չի բացառում, որ այն այս տարի կարող է հասնել մինչև 150.000 եվրո գումարի:

Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք:

2010 թ-ին մրցույթում հաղթանակ տարավ Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---