Վահան Հովհաննիսյանը մտադիր չէ բացահայտել Իլհամ Ալիևի խոսքերի համար ներողություն հայտնած ադրբեջանցիներին

Վահան Հովհաննիսյանը մտադիր չէ բացահայտել Իլհամ Ալիևի խոսքերի համար ներողություն հայտնած ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի դիմումը «Եվրանեսթ» ԽՎ ղեկավարությանն ու Եվրախորհրդարանին:

Սուլեյմանովը պնդում է Բաքվում «Եվրանեսթ» ԽՎ նստաշրջանի վերաբերյալ իբր կողմնապահ կարծիքների մասին, որոնք հնչեցրել են Հայաստանի պատվիրակության անդամները: Մասնավորապես, Սուլեյմանովի դժգոհությունն առաջ են բերել այն խոսքերը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սկանդալային ելույթից հետո ադրբեջանցի պատգամավորները մոտեցել են հայ գործընկերներին և ներողություն խնդրել իրենց նախագահի խոսքերի համար:

«Նա կարող է հանգիստ լինել, ես նրան նկատի չունեի... Ես` որպես անհատ, կատարել եմ այդ հայտարարությունը, և ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար, բայց ես երբեք չեմ ասի, թե կոնկրետ որ պատգամավորն է մեզ դիմել: Ես անգամ չեմ ասի, թե որ եվրոպական պատգամավորները, ովքեր տասնյակներով նույն բանն էին ասում, քանի որ դա մասնավոր զրույց էր»,- հայտնել է «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը PanARMENIAN.Net ի թղթակցին:

«Ես կարող եմ ասել, որ նման մասնավոր զրույց եղել է, դա իմ իրավունքն է: Թե ում հետ, իրավունք ունեմ չասելու: Ես չեմ հատի էթիկայի այդ սահմանը, ես նրանց նախագահի նման չեմ»,- հավելել է հայկական պատվիրակության ղեկավարը:

Ինչ վերաբերում է հարցին այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ադրբեջանական կողմի քայլերը, ապա Հովհաննիսյանը պատասխանել է. «Դա ինձ, անկեղծ ասած, չի հետաքրքրում: Նրանք ի՞նչ կարող են անել` զգուշացնե՞լ մեզ: Թող փորձվեն»:

Ապրիլի 3-ին Բաքվում կայացած «Եվրանեսթի» ԽՎ ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ տվեց իրեն հայերին անվանել «ֆաշիստներ»: Այդ հայտարարությունը վրդովեցրեց հայկական պատվիրակությանը, որն այն անվանեց ոչ կոռեկտ ու դիվանագիտական նորմերից դուրս: Իր դժգոհությունը հայտնեցին նաև մյուս պատվիրակությունները:

«Եվրանեսթի» անդամներ են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---