Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը թարգմանվում է աշխարհի բազմաթիվ լեզուներով

Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը թարգմանվում է  աշխարհի բազմաթիվ լեզուներով

PanARMENIAN.Net - Հայոց մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ամենահայտնի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը թարգմանվում է աշխարհի տարբեր լեզուներով, և լույս է տեսնելու մեկ ամբողջական գրքով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Նրա խոսքով բանաստեղծությունն արդեն թարգմանվել է 30 լեզուներով, և դեռ սպասվում են այլ լեզուներով թարգմանություններ:

Հակոբյանը նշեց, որ կան նաև նույն լեզվով թարգմանությունների մի քանի տարբերակներ, և հատուկ մասնագիտական հանձնաժողովը կուսումնասիրի և կընտրի լավագույնը: Թարգմանությունների մեջ կա նույնիսկ եթովպերեն տարբերակ, պատրաստվում է նաև հնդկերենը:

Բացի դրանից, առաջին անգամ Չարենցի ընտրանին թարգմանվելու է անգլերեն:

Քանի որ այս տարի նշվում է Չարենցի ծննդյան 115, գրական գործունեության 100 և մահվան 75-ամյակները, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մինչև նոյեմբերի 27-ը սպասվում են բազմաթիվ միջոցառումներ` մրցույթներ, ասմունքի երեկոներ, շրջիկ գրադարաններ, որտեղ երեխաներն այգիներում կկարդան Չարենցի ստեղծագործությունները, կբացվեն ցուցահանդեսներ և այլն:

Տարվա փակումը տեղի է ունենալու նոյեմբերի 27-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---