ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը չի բացառում համագործակցության հաստատումը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը` ելույթ ունենալով Բրյուսելում Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի Ռազմական կոմիտեի շտաբների պետերի նիստում: «Ցավոք, հարեւան պետության ոչ կառուցողական դիրքորոշման եւ պաշտոնական ռազմատենչ ամբոխավարության արդյունքում, պատկերացում է ստեղծվում, թե Հարավային Կովկասում ԳՀԽ շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը մատնված է անհաջողության: «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժությունների Բաքվում անցկացված պլանավորման կոնֆերանսին հայ սպաների մասնակցության խոչընդոտումը, ինչպես նաեւ Բուդապեշտում հայ սպայի վայրագ, ոչնչով չարդարացված սպանությունը Գործընկերության շրջանակներում անցկացվող միջոցառման ընթացքում, դժվարեցնում, սակայն չի բացառում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը», - հայտարարել է Մ.Հարությունյանը: Անդրադառնալով Բուդապեշտում կատարված հանցագործությանը` նա հայտարարել է. «Իմ սպան զրկվել է կյանքից ոչ թե ռազմական առաջադրանքի կատարման կամ դժբախտ պատահարի արդյունքում, այլ այն պատճառով, որ հարեւան պետությունում մեծացել է մի ամբողջ սերունդ, որին սովորեցրել են ատել այն ամենն, ինչ կապված է Հայաստանի հետ»: Գեներալի կարծիքով, «այդ ատելությունը կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով, եւ Եվրաատլանտյան գործընկերությունն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները»:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---