ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կարեն Սահակյանի Երկիր մոլորակի օրվան նվիրված ցուցահանդեսը

ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կարեն Սահակյանի Երկիր մոլորակի օրվան նվիրված ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց նկարիչ Կարեն Սահակյանի Երկիր մոլորակի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկա էին ՄԱԿ-ի աշխատակիցները, պետական պաշտոնյաներ և այլոք:

Ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել աշխարհում հանրային իրազեկվածությունը այն մարտահրավերների մասին, որոնց դիմագրավում է երկիր մոլորակը և նրա վրա գոյություն ունեցող կյանքը:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համար արդեն ավանդույթ է դարձել այս օրը նշել մեր շրջակա միջավայրը պահպանելու մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներով: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերի հիմնական նպատակն է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելն ու բնական ռեսուրսների համար կայուն օգտագործման ճանապարհները փնտրելը: Որպեսզի այս ծրագրերը հաջողություն ունենան` մենք պետք է շարունակենք բարձրացնել տեղական համայնքների ներգրավվածությունը և կրթենք նրանց Երկիր մոլորակը պաշտպանելու իրենց պատասխանատվության մասին»: Միավորված ազգերի կազմակերպությունը ճանաչում է 1992թ. Ռիո հռչակագրով ընդունված Երկրի հետ ներդաշնակության պահպանման հավաքական պատասխանատվությունը, որի նպատակն է հավասարակշռել ներկա և ապագա սերունդերի տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի պահանջները:

2012թ. հունիսին աշխարհի առաջնորդները հանդիպելու են Ռիո + 20 կայուն զարգացման խորհրդաժողովի ժամանակ` քննարկելու հետևյալ երկու թեմաները. ինչպես հասնել կայուն զարգացման և մարդկանց դուրս հանել աղքատությունից, և ինչպես բարելավել կայուն զարգացմանն ուղղված միջազգային համակարգումը:

Միջոցառումը կազմակերպել են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ, հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---