Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այսօր լրանում է նրա 109-ամյակը: Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվարձանում, հայ կազմարարի ընտանիքում:

Չնայած Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում, երբ կոմպոզիտորն եկավ Մոսկվա և ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան): Միաժամանակ նա սովորում էր Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում` ստանալով կենսաբանական կրթություն:

Խաչատրյան-երաժիշտն արտակարգ արագ էր զարգանում: Կարճ ժամանակում նա ոչ միայն լրացրեց բաց թողածը, այլև դարձավ լավագույն ուսանողներից մեկը` հնարավորություն ստանալով համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ ու Փոքր դահլիճներում:

Խաչատրյան-կոմպոզիտորի ճակատագիրը վերջնականապես որոշվեց 1925թ-ին, երբ ուսումնարանում բացվեց կոմպոզիցիայի դասարան: Ստանալով ստեղծագործելու նախնական գիտելիքներ` 1929թ.-ին նա ընդունվեց Մոսկվայի պետական կոնսերվատորիա` սովորելով հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Մյասկովսկու մոտ: Փոքր ձևերից Խաչատրյանն աստիճանաբար անցում կատարեց դեպի խոշորները: 1932թ.-ին ծնվեց նրա Դաշնամուրային սյուիտը, որի առաջին մասը` «Տոկկատը» հայտնի դարձավ` մտնելով շատ դաշնակահարների երկացանկի մեջ: Ստեղծվելով կոմպոզիտորի գործունեության վաղ տարիներին`«Տոկկատը» մինչ օրս պահպանում է իր փայլն ու հմայքը:

Խաչատրյանի հասուն շրջանի ստեղծագործությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը: Այդ ժանրի լավագույն գործերից են «Վալենսիայի այրին» (ըստ Լոպե դե Վեգայի, 1940թ.) և «Դիմակահանդեսը» (ըստ Լերմոնտովի, 1941թ.): Այդ ներկայացումների երաժշտության հիման վրա գրված սիմֆոնիկ սյուիտներն ինքնուրույն համերգային կյանք են ստացել և հաճախ են կատարվում մեր օրերում:

1942թ-ին Խաչատրյանը ավարտեց Կ.Դերժավինի լիբրետոյով գրված «Գայանե» բալետը, որտեղ հրաշալի կերպով սինթեզեց դասական բալետի, ազգային երաժշտության ու խորեոգրաֆիկ արվեստի ավանդույթները: «Գայանեն» այժմ հայրենական և արտասամանյան թատրոնների երկացանկի անբաժանելի մասն է: Մեծ ճանաչում ստացան նաև բալետի երաժշտությունից կազմված երեք սիմֆոնիկ սյուիտները:

1944թ.-ին Խաչատրյանը գրեց Հայկական ԽՍՀ պետական հիմնը, իսկ մեկ տարի անց, երբ պատերազմն ավարտվեց, կոմպոզիտորը ստեղծեց նաև իր Երրորդ սիմֆոնիան

1954թ.-ին ծնվեց Խաչատրյանի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը`«Սպարտակ» բալետը: 60-ական թվականներին Խաչատրյանը նորից դիմեց կոնցերտային ժանրին` իրար հետևից ստեղծելով երեք կոնցերտ-ռապսոդիա` Ջութակի և նվագախմբի (1961թ.), Թավջութակի և նվագախմբի (1963թ.), Դաշնամուրի և նվագախմբի համար (1968թ.): Կոմպոզիտորը նաև չորրորդ կոնցերտ-ռապսոդիա գրելու մտադրություն ուներ, որում պետք է միավորվեին այս երեք գործիքները: 1971թ.-ին կոնցերտ-ռապսոդիաների տրիադան արժանացավ Պետական մրցանակի:

Խաչատրյանի անունը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը, դաշնամուրային տրիոն, ամենամյա մրցույթը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---