Րաֆֆի Հովհաննիսյան. Ամեն մի որդեկորույս ընտանիքի առաջ պատասխան պիտի տանք մենք բոլորս

Րաֆֆի Հովհաննիսյան. Ամեն մի որդեկորույս ընտանիքի առաջ պատասխան պիտի տանք մենք բոլորս

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է իր դիրքորոշումը, օրերս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, և դիվերսիայի մասին: «Դարձյալ զոհ են գնացել մե՛ր զինվորները: Նախատինք առաջին հերթին մե՛զ: Ցավակցում ենք ընկած տղաների ընտանիքներին, համակ ժողովրդին:

Միևնույնն է` հայրենի պետության սահմանները պաշտպանելիս, կամ էլ խաղաղ պայմաններում ծառայելիս, թեկուզև մեկ նահատակ տալու հայ ժողովուրդը իրավունք կամ տեղ էլ չունի:

«Այլևս երբեքը» սոսկ պատմական կարգախոս չէ: Այն իրական կիրառում պիտի ունենա արդի մեր պետական կյանքում:

Ամեն մի որդեկորույս ընտանիքի առաջ պատասխան պիտի տանք մենք բոլորս, իսկ առաջին հերթին` հանրապետության գործող նախագահը, նախարարը, հրամանատարը:

Ցավոք սրտի և մեղմ ասած, իրենց գիտությամբ են մեր հպարտության աղբյուր հանդիսացող զինծառայողների զգալի մասը վերջերս և հերթական անգամ ուղղորդվել երկրի օրենքը` սահմանն ու սահմանադրությունն ընտրակեղծելու: Հազար ամոթ:

Հակառակորդը պատասխան պե՛տք է ստանա` ոչ թե իր խեղճուկրակ գյուղացի զինվորների մատաղով, այլ իր ողջ իշխանակարգով: Նա պիտի՛ հարգի մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը` Հայաստանով ու Արցախով:

Իսկ դրա համար` մեր պետությունն ու իր իշխանությունը պիտի դառնան իրավակարգ, բարեխիղճ, պարկեշտ, մարդու ազատությունն ու ընտրությունը հարգող, իսկ ամենակարևորը` հաշվետու յուրաքանչյուր քաղաքացի-զինվորի կյանքի համար:

Մեղավորներին ուրիշ տեղ չփնտրենք. մեր մեջ են: «Ժառանգություն» կուսակցությունը մեր ողջ ազգ-երկրին բախտորոշ համախմբման կոչ է անում` պատրաստելու համար նախահարձակ թշնամուն և անիրավ ժամիշխանին վերջնական ի՛ր պատասխանը: Ուրիշ ոչ մեկը և` այլևս երբեք:

Անցանկալի, բայցև ցանկացած պատերազմում մենք կլինենք առաջին գծում»,-ասվում է կուսակցության կողմից ուղարկված հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---