ԵԱՀԿ գործող նախագահը չի ցանկացել նշել հայկական սահմանին իրականացված դիվերսիաների մեղավորներին

ԵԱՀԿ գործող նախագահը չի ցանկացել նշել հայկական սահմանին իրականացված դիվերսիաների մեղավորներին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ուժի կիրառումից կամ պատասխան քայլերից: «Այս հակամարտությունը չի լուծվի ուժի կիրառման կամ դրա սպառնալիքով»,-ընդգծել է նա` Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա, մի քանի օրից Բաքվում նա հանդես կգա համանման կոչով: Գիլմորի խոսքով, շփման գծում լարվածության վերջին լուրջ էսկալացիայից հետո, կողմերը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն: «Հուսով եմ, որ երկու կողմերն էլ կթարմացնեն և նորովի կմոտենան հակամարտության կարգավորման հիմական սկզբունքների շուրջ իրենց առաջարկներին»,-ընդգծել է նա:

Գիլմորն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն չի կարող կողմերին ստիպել խաղաղության հասնել, այլ կարող է միայն աջակցել դրան, մասնավորապես` տրամադրելով բանակցային հարթակ, ինչպես նաև կապեր հաստատելով հակամարտող կողմերի հասարակությունենրի միջև:

Ընդ որում, ԵԱՀԿ գործող նախագահը զերծ է մնացել վերջին միջադեպերի մեղքը հակամարտող կողմերից որևէ մեկի վրա բարդելուց, նկատելով, որ դա չի նպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է արել կողմերին մտածել դրա խաղաղ կարգավորման մասին:

Վերջին շրջանում Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զորամիավորումները գնդակոծում են սահմանամերձ հայկական գյուղերը, ահաբեկելով խաղաղ բնակչությանը, մշտապես դիվերսիոն ու նախահարձակ գործողություններ են կատարում: Միայն անցած շաբաթվա ընթացքում, որոշ տվյալնելով, 25 ադրբեջանցի զինվոր է սպանվել:

Համաձայն որոշ տվյալների` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Կազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում վերջին մի քանի օրվա ընթացքում սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել էին թափանցել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկը: Հայկական կողմին, սակայն, հաջողվել էր ժամանակին կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան զինված ուժերի առաջնային ստորաբաժանումները պաշտպանական գործողություններ են ձեռնարկել և հակառակորդին ետ մղել ելքային դիրքեր:

Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունն իր զինծառայողների զոհվելու կամ վիրավորվելու անսպառ պատճառներ է հնարում, որպեսզի թաքցնի իր կորուստների իրական պատճառները: Այդպես օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Տերտերի ուղղության վրա ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհդիևը «վիրավորվել է ականի պայթյունից»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Պատահում է նաև այնպես, որ զինվորին Ադրբեջանում սպանում է բետոնե պատը: Այդպես Ադրբեջանի Ագստաֆինի շրջանում երկու զինվոր զոհվել է, իսկ մեկը «վնասվածք» է ստացել «իրենց վրա բետոնե սալիկ ընկնելու» պատճառով:

Միջադեպի արդյունքում զինվորները գլխի լուրջ վնասվածքներ են ստացել: Էմին Գուլիևն ու Օրհան Հուսեյնովը մահացել են, իսկ «վնասվածք» ստացած Էլնուր Քեչալովը հիվանդանոցում է գտնվում:

Իսկ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր` Ջաբրահիլով Ռամիլ Դիլավյար օղլուն խեղդվել է Կուր գետում: Այժմ Ադրբեջանի ԱԻՆ փրկարարները որոնում են նրա դին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---