ՀՀ և ԼՂՀ սահմանին ադրբեջանական սադրանքների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից ռասիզմի հոտ է գալիս

ՀՀ և ԼՂՀ սահմանին ադրբեջանական սադրանքների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից ռասիզմի հոտ է գալիս

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Էյմոն Գիկմորի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է Հայաստանի` 20 տարի առաջ կայացրած որոշման ճշմարտացիությունը` թույլ չտալով Թուրքիային ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես համանախագահ:

Նա հիշեցրել է, որ այն ժամանակ որոշ երկրներ համոզված էին, որ Թուրքիան անկողմնակալ կլինի: «Սակայն ինչպես 20 տարիները ցույց տվեցին, Թուրքիան ոչ միայն անաչառ չէ, ոչ միայն չեզոք չէ, այլ նաև իր դիրքորոշմամբ վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին»:

Այս առնչությամբ Նալբանդյանը նշել է Ադրբեջանի վերջին գործողությունների վերաբերյալ Թուրքիայի արձագանքը. « Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այդ հայտարարությունից, թե իբրև ինքը մտահոգված է վերջին միջադեպերի արդյունքում միայն ադրբեջանցի զինվորների կորստից, ռասիստական հոտ է գալիս: Երբևէ չենք լսել իրենից, որ ինքը մտահոգված լինի ադրբեջանցիների սադրանքների արդյունքում հայ զինծառայողների սպանություններով:

Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է այս արյունալի միջադեպերը և կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, թուրքական կողմից այս կարգի հայտարարությունները, փաստորեն, խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները»: «Թուրքական կողմը փորձում է Ադրբեջանի պատասխանատվությունը բարդել այլոց վրա և ձևացնում է, թե իբրև տեղյակ չէ, թե ում պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել Կազանում՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության գալու հարցում»,-նկատել է նա:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովը, որ կայացել է Կազանում հունիսի 24-ին, ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման:Կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային եղավ, քանի որ Բաքուն հրաժարվեց ընդունել ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Ավելին, ադրբեջանական կողմը Կազանում մոտ 10 նոր փոփոխություն առաջարկեց, և դա պատճառ հանդիսացավ, որ Կազանի հանդիպումը բեկումնային չդարձավ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---