1 հուլիսի 2012 - 16:01 AMT
ՀՀ ԶՈՒ փոխգնդապետն ուզում էր վրեժ լուծել Վահե Ավետյանի մահվան համար՝ պայթեցնելով «Հարսնաքար» ռեստորանը

Շաբաթվա լույս կիրակի գիշերը Հայաստանի ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը փորձել է պայթեցնել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանը, որտեղ հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ուռոլոգիայի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ու նրա երկու կոլեգաները: Հունիսի 20-ի երեկոյան Վահե Ավետյանը, որը կոմայի մեջ էր, առանց գիտակցության գալու մահացել է:

Դեպքի վայր մեկնած Հայաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը ռեստորանի տարածքում հայտնաբերել է երկու նռնակ, փամփուշտներ և պայթուցիկ նյութ: Սակրավորները պայուսակն անվտանգ վայր են տեղափոխել:

Ինչպես հաղորդում են որոշ լրատվամիջոցներ, օպերատիվ ծառայության աշխատակիցների հետ երեք ժամ տևած բանակցություններից հետո փոխգնդապետը հրաժարվել է ռեստորանը պայթեցնելու մտադրությունից: Ավելի ուշ նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:

Երեկ երեկոյան` ժամը 21.00-ից «Հարսնաքար» ռեստորանի բակում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել` մոմավառությամբ հարգելու Վահե Ավետյանի հիշատակը: Հարյուրավոր մարդիկ շրջապատել էին «Հարսնաքարը» և մոմեր էին վառում ռեստորանի պատերի մոտ, ռեստորանի պատին գրվել էր «Հարսնաքար -Հանցաքար», փակցվել էին Վահե Ավետյանի լուսանկարը, «Չե'ք մարսելու», «Վահե Ավետյանը ես եմ» գրություններով պաստառներ:

Նշենք, որ համաձայն որոշ տվյալների՝ Վահե Ավետյանն ու նրա երկու կոլեգաները ծեծի են ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից: