27 հուլիսի 2012 - 10:35 AMT
Երևանի ու Մարսելի միջև համագործակցության նոր համաձայնագիր կստորագրվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է, որ ցանկալի է վերանայել երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը` այն համապատասխանեցնելով երկուստեք առկա ներուժին և զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում դեռ Մարսելում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այժմ ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք համակողմանիորեն ուսումնասիրում են համագործակցության բոլոր առաջարկները և, ըստ այդմ, քաղաքապետը հույս է հայտնել, որ Մարսելի իր գործընկերոջ սպասվող պաշտոնական այցի շրջանակում կստորագրվի նաև համագործակցության նոր համաձայնագիրը:

Քաղաքապետը վերահաստատել է 2013-ին Մարսելը որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին Երևանի մշակութային պատվիրակության մասնակցությունը, ինչին ի պատասխան Դիդյե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ երևանյան պատվիրակությունը լիարժեք կներգրավվի նախատեսված մշակութային միջոցառումներում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ վերահաստատել է հոկտեմբերին կայանալիք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու Մարսելի քաղաքային իշխանությանն արված իր հրավերը: