Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կտեղադրվեն մի շարք նոր քանդակներ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կտեղադրվեն մի շարք նոր քանդակներ

PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ներառյալ Գաֆէսճեան քանդակների պարտեզը, Կասկադ համալիրը և Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակին նվիրված հուշարձանի հարևանությամբ կանաչ տարածքը, կտեղադրվեն մի շարք նոր քանդակներ: Ինչպես հաղորդում է Կենտրոնի պաշտոնական կայքը, քանդակները համալրում են Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն և Հայաստան են բերվում ցամաքով, ծովով և օդով, աշխարհի տարբեր կետերից` Լոնդոն, Փարիզ, Ամստերդամ, Նյու Յորք, Մայամի և Հոնկոնգ: Ընդգրկված են Ֆերնանդո Բոտերոյի, Բարրի Ֆլանագանի, Ջիմ Անսուորթի, Պիտեր Հիլ Ջոնսի և շատ այլ աշխարհահռչակ արվեստագետների աշխատանքներ:

Նոր արվեստանմուշների մի մասն արդեն տեղ է գտել արվեստի կենտրում: Ջիմ Անսուորթի «Կրկես» մոնումենտալ քանդակը, որը տեղադրվել է 50-ամյակի հուշարձանի հարևանությամբ, ներկայացնում է կրկեսում գտնվող երեք փղերի: Կրկեսի գաղափարը միշտ ոգեշնչել է արվեստագետին, իսկ վերջին աշխատանքներում նա հաճախակի կերտել է փղերի: Նույն հարթակում է գտնվում նաև Պիտեր Հիլ Ջոնսի «Փոքրիկ տնակը» աշխատանքը: Իրական շինանյութերից պատրաստված տնակը, որը ճարտարապետական մտքի փոքրիկ մոդել է, շրջապատված է կանաչ տարածքով, որն էլ ինքնին դարձել է արվեստանմուշի մի մասը: Էկզոտիկ թռչնաքանդակների խումբը նույնպես շուտով կզարդարի տեղանքի կանաչ հատվածը:

Կոլումբիացի մեծանուն արվեստագետ Ֆերնանդո Բոտերոյի ամենակարևոր աշխատանքներից մեկը` «Ծխող կինը», կտեղադրվի Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Բրիտանացի արվեստագետ Բարրի Ֆլանագանի երկու աշխատանք՝ «Գենդրդ 1 / Գենդրդ 2»-ը կհամալրեն պարտեզում առկա Ֆլանագանի մյուս քանդակների հավաքածուն: Երկու փղերի վրա կանգնած են արվեստագետի կողմից սիրված նապաստակները:

Ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկի կապույտ «Կիվին», երկար ժամանակ գտնվելով Նյու Յորք քաղաքում` Բրոդվեյի Վերդի հրապարակում, և հիացնելով Նյու Յորքի բնակիչներին, կհանգրվանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում` Բոտերոյի հանրահայտ «Կատվի» հարևանությամբ:

Չինացի արվեստագետ Ժաոհուի Լիուի տպավորիչ սպիտակ մարմարյա «Բևեռային արջը» արդեն միացել է կորեացի արվեստագետ Ջի Յոնգ Հոյի «Առյուծ 2»-ին: Այն հիշեցնում է այցելուներին, որ արվեստը, բացի գեղագիտական արժեք լինելուց, կարող է նաև անդրադառնալ բնության և շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին:

Կասկադի ներսում` Կենտրոնի Շարժասանդուղքների սրահում, նույնպես տեղադրվում են նոր աշխատանքներ: Դրանցից են Կալիֆոռնիացի արվեստագետ Լեդդի Ջոն Դիլի և Արիզոնայից Օտտո Ռիգանի քանդակները: Արտասովոր դիզայնով ստեղծված աթոռների և բազմոցների հավաքածուն նորովի կգրավի այցելուներին իրենց յուրահատուկ նորարարությամբ և հետաքրքրաշարժությամբ, մինչ նրանք կտեղափոխվեն ցուցասրահի շարժասանդուղքներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---