Քրիստոսի որմնանկարն այլանդակած կնոջը կարող են տուգանել

Քրիստոսի որմնանկարն այլանդակած կնոջը կարող են տուգանել

PanARMENIAN.Net - 81-ամյա Սեսիլիա Գիմենեզը խուճապի նոպա է ունեցել այն բանից հետո, երբ իր այլանդակած որմնանկարը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել: Ինչպես հաղորում է The Guardian -ը, Սեսիլիան խոստովանել է, որ նկարն իր մեղքով է աղճատվել, և որ նա կանխամտածված չի արել դա:

Իսպանական Բորխա քաղաքում գտնվող Սանտուարիո դե Միզերիկորդիա եկեղեցու` 19-րդ դարի վարպետ Էլիաս Գարսիա Մարտինեսի հեղինակած «Էկե Օմո» (“Ecce Homo”) որմնանկարին հասցված վնասն այժմ գնահատվում է փորձագետների կողմից: Նրանք մտավախություն ունեն, որ կնոջ ձեռքի գործն այլևս անհնար կլինի շտկել:

Գիմենեզն իսպանական հեռուստատեսությանը պատմել է, որ եկեղեցու քահանան տեղյակ էր որմնանկարը վերականգնելու իր ջանքերի մասին, և որ ինքը ոչինչ գաղտնի չի արել: «Քահանան գիտեր այդ մասին, և յուրաքանչյուրը, ով գալիս էր եկեղեցի, տեսնում էր, որ ես նկարում եմ»,- ասել է կինը:

«Ցավալի է, որ սա այն ամենն է, ինչ մնացել է մի վարպետի աշխատանքից, ում ժառանգները շարունակում են ապրել մեր քաղաքում,- ասել է Բորխա քաղաքի ուսումնական կենտրոնի ներկայացուցիչը:- Մենք չգիտենք` արդյոք նկարը հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ, բայց կասկած չկա, որ այսուհետ պետք է հետևել, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»:

Ինչպես նշում է Էլ Հերալդո դե Արագոն տեղական թերթը, հնարավոր է, որ Սեսիլիա Գիմենեզին տուգանեն այդ արարքի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---