Նաիրա Զոհրաբյան. Եվրոպական կառույցները դարձել են Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտության զոհը

Նաիրա Զոհրաբյան. Եվրոպական կառույցները դարձել են Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտության զոհը

PanARMENIAN.Net - ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է հայ սպայի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու մասին լուրը, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի հրամանագրով:

«Խնդիրն այստեղ կապված չէ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև Հունգարիայի իշխանությունների, համաշխարհային հանրության հետ: Խոսքն այն համաշխարհային հանրության մասին է, որին Ադրբեջանն «առնում է» ի դեմս եվրոպական կառույցների, որի պատգամավորներն ու ներկայացուցիչները «ծախվում են» մի քանի արկղ խավիարի կամ նավթադոլարների դիմաց»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net գործակալությանը:

Զոհրաբյանը նշել է, որ համաշխարհային հանրության երկակի չափանիշներն արդեն անհանդուրժելի են դառնում: «Ես անձամբ ասում եմ դա որպես ԵԽԽՎ պատգամավոր, քանի որ Վերջերս ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանն իր ֆինանսական լծակների միջոցով մանիպուլյացիայի է ենթարկում եվրոպական կառույցները, այդ թվում ԵԽ-ն»,-ասել է նա: Պատգամավորը հավելել է. «Խնդիրն Ադրբեջանը չէ: Ադրբեջանի համար հայի սպանած Սաֆարովը ազգային հերոս է: Եվրոպայի Խորհրդում կա երկիր, որտեղ հային սպանած մարդը ազգային հերոս է հռչակվում: Այս հարցերն անպայման պետք է արծարծել»:

Զոհրաբյանը հավելել է, որ անձամբ ինքը ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանում բարձրացնելու է Սաֆարովի հարցը: «Խոսելու եմ բաց, առանց փակագծերի: Ցավոք, այն կառույցները, որ այսօր մեզ համար համարվում են մարդու իրավունքների, արդարության չափանիշ, այդ կառույցները, ինչպես նաև որոշ երկրներ, դարձել են Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտության զոհը»,-ասել է նա:

Այսօր տեղեկություններ հայտնվեցին Հունգարիայից Ադրբեջան ցմահ բանտարկված Սաֆարովի էքստրադիցիայի մասին, Ադրբեջանում նրան անմիջապես ներում է շնորհվել:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---