Թուրքագետ. Եվրոպան պետք է մտահոգվի, որ Ադրբեջանը հանցագործի անունով փողոց է անվանակոչում

Թուրքագետ. Եվրոպան պետք է մտահոգվի, որ Ադրբեջանը հանցագործի անունով փողոց է անվանակոչում

PanARMENIAN.Net - «Եթե Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային և դրա շուրջ զարգացումներին միջազգային կառույցները որևէ կերպ չարձագանքեն, այն է` Ադրբեջանին չպատժեն, մենք կարող ենք ասել, որ նույն հաջողությամբ այդ կառույցների մեջ կարող է ընդգրկվել աֆրիկյան որևէ մարդակեր ցեղախումբ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հավելելով, որ այս ամենը ցույց տվեց, որ Ադրբեջանը վարում է սիստեմատիկ հայատյացության քաղաքականություն և «դաստիարակում է հանցագործ հասարակություն»:

«Վստահ կարելի է ասել նաև, որ Ադրբեջանը տանուլ է տալիս արտաքին քաղաքական հարցերում և որ Ալիևները չեն յուրացրել դիվանագիտության տարրական դասերը», - ասաց մասնագետը:

Անդրադառնալով ադրբեջանական հասարակության արձագանքին, թուրքագետը զուգահեռներ տարավ Թուրքիայի հասարակության հետ և ասաց, որ այս երկու հասարակություններում հանցագործների հերոսացումը սովորական երևույթ է` նույնը տեղի ունեցավ Թուրքիայում` Օգյուն Սամաստի հետ:

«Եվրոպան պետք է մտահոգվի, որ եվրոպական արժեքներն իրեն վերագրող պետությունը հանցագործի անունով փողոց է անվանակոչում, դպրոց կամ թատրոն», - ասաց թուրքագետը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---