«Ժառանգություն»-ը պահանջում է Սաֆարովին հանձնել Հաագայի միջազգային դատարանին

«Ժառանգություն»-ը պահանջում է Սաֆարովին հանձնել Հաագայի միջազգային դատարանին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և դրան հետևած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է. «Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիևի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար և ֆանատիզմի ու մարդատյացության դրսևորում է հայերի նկատմամբ:

Նման հակաիրավականության, սադրանքի և այլատյացության օրինակ տվող նախագահի առաջնորդության ներքո գտնվող երկիրը չի կարող ՄԱԿ-ի հռչակած արժեքների կրող համարվել և տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանը և հատկապես Հունգարիան պետք է ՄԱԿ-ում բարձրացնեն Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու և Ռամիլ Սաֆարովին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու պահանջները:

«Ժառանգությունը» գնահատում է միջազգային այն կառույցների, կառավարությունների, գործիչների արձագանքը, որոնք դատապարտել են Ադրբեջանի նախագահի իրավազուրկ կամայականությունը, նաև ափսոսանք է հայտնում, որ միջազգային այլ դերակատարներ կողմերին լոկ հանդարտության կոչ են արել` մակերեսային մոտեցում ցուցաբերելով խնդրին: Այդուհանդերձ, երկու պարագայում էլ պատշաճ անդրադարձ չի արվել ադրբեջանական պետության հակաժողովրդավար ու կոռումպացված էության ողջ մերկությամբ դրսևորվելու փաստին:

Ըստ հունգարական որոշ հրապարակումների՝ Ադրբեջանը 2-3 միլիարդ դոլարի քողարկված կաշառք է առաջարկել Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման դիմաց: Եթե երկրի նախագահը կարող է աղքատության մեջ գտնվող միլիոնավոր քաղաքացիների, ներառյալ փախստականների կարիքներն անտեսելով երեք միլիարդ դոլար մսխել մի մոլագար մտքի իրագործման համար, դա պետության չգոյության ապացույց է:

«Ժառանգությունը» ԵԺԿ իր քույր կուսակցությունների, հատկապես Հունգարիայում իշխող «Ֆիդեշ» կուսակցության և ԵՄ անդամ երկրների կառավարությունների ուշադրությունն է հրավիրում այս քողազերծված իրողության վրա և կարծում է, որ պետք է քննարկվի Ադրբեջանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների առկախման հարցը` մինչև այդ երկրում հաստատվի բյուջեի վերահսկելիություն և վերջ դրվի իշխանությունների կամայականություններին:

Ցավոք, 1988-ի Սումգայիթի սպանդից ի վեր Ադրբեջանի հակահայկական մոլագարությունը հազվադեպ է այնպիսի միջազգային ուշադրություն գրավել և պատկերավոր ինքնադրսևորումներ ունեցել, ինչպես Ռամիլ Սաֆարովի շուրջ զարգացումները: «Ժառանգությունը» գտնում է, որ ստեղծված իրադրությունը հարթակ է միջազգային հանրությանը, հատկապես քաղաքական-դիվանագիտական շրջանակներ եկած նոր սերնդի առջև վերափաստարկելու Արցախյան հիմնահարցի էությունը, ԼՂՀ ներկայացուցիչներին Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցություններում վերստին ներգրավելու անհրաժեշտությունը և ԼՂՀ անկախության ճանաչման հրամայականը:

Միաժամանակ, ծավալվող իրադարձությունների լույսի ներքո «Ժառանգությունը» ճիշտ է համարում, որ ՀՀ Ազգային ժողովը առաջինը քննարկի և ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչի համար էլ կուսակցության կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ»,- հայտնում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---