«Հայաստանի փոքրիկ երգիչները» Ճապոնիայում 16 համերգ են ունեցել` բոլորը լեփ-լեցուն դահլիճներում

«Հայաստանի փոքրիկ երգիչները» Ճապոնիայում 16 համերգ են ունեցել` բոլորը լեփ-լեցուն դահլիճներում

PanARMENIAN.Net - «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (ղեկավար Տիգրան Հեքեքյան) երգչախումբն ավարտել է իր 40-օրյա շրջագայությունը Ճապոնիայի 18 քաղաքներում:

Տիգրան Հեքեքյանի խոսքով, Ճապոնական կողմն ապահովել էր բոլոր ծախսերը` ընդհուպ մինչև ապահովագրությունը: Գումարներ չեն խնայվել երեխաների սննդի և այլ կարիքներն ապահովելու համար: Նրա խոսքով, Ճապոնիան հայկական երգչախմբի համերգի համար 1 միլիոն դոլարի ծախս է արել:

Համերգաշրջանը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 20, հայ գրատպության 500-ամյակին և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:

Հրավերն ուղարկել էր ճապոնական «Մին օն» կազմակերպությունը, որը տարեկան 1000 համերգ է կազմակերպում:

Հեքեքյանի խոսքով, Ճապոնիայի 1500-2200 տեղանոց համերգասրահներում կայացած համերգներն անցել են լեփ-լեցուն հանդիսականով, և ցնցել են բոլոր ներկաներին:

Բացի այդ, նա նշեց, որ ճապոնացիները շատ խստապահանջ հանդիսատես են, և շատ դժվար է նրանց ստիպել հուզվել կամ հոտընկայս ծափահարել, իսկ երգչախմբին դա հաջողվել է անել:

Համերգները սկսվել են 5-րդ դարի հայկական երաժշտության կատարմամբ, ավարտելով ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով:

Գեղարվեստական ղեկավարը նաև նշեց, որ ելույթներից մի քանիսը նվիրվել է Նագասակիի և Հերոսիմայի զոհերի հիշատակին: Նրանք հարգել են նաև անցած տարի Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Երգչախումբն, ընդհանուր առմամբ, Ճապոնիայում ունեցավ 16 համերգ և 6 հանդիպում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---