Սեյրան Օհանյան. Չկա ավելի մեծ պատիվ, քան մասնակից լինել երկրի պաշտպանունակության բարձրացմանը

Սեյրան Օհանյան. Չկա ավելի մեծ պատիվ, քան մասնակից լինել երկրի պաշտպանունակության բարձրացմանը

PanARMENIAN.Net - Անկախությունը ոչ միայն նվաճում են, այլ նաև պաշտպանում են և հայ ժողովուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ից հետո բազում կյանքերի շնորհիվ պաշտպանեց այն իրեն պարտադրված պատերազմում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարությունում Հայաստանի Անկախության 21-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:

Նա նշեց, որ անցած 21 տարիները մեր բանակի կազմավորման տարիներն էին, երբ կամավորական շարժման հիման վրա ստեղծվեց կանոնավոր բանակ, «որը բազում դժվարությունների միջով անցնելով կարողացավ պաշտպանել մեր Հայրենիքը, հայ ժողովրդի ազատության ու անկախության, ժողովրդավարական պետություն ստեղծելու ու իր ուրույն տեղը միջազգային հանրության շրջանում զբաղեցնելու իրավունքը»:

«Չկա ավելի մեծ պատիվ, քան մասնակից լինել երկրի պաշտպանունակության բարձրացմանը»,-ասել է նախարարը: «Մենք ապրում ենք պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ բախվում են տարբեր ներքին ու արտաքին շահեր, որոնք այս կամ այն կերպ սպառնում են մեր անվտանգությանը»,-ասել է Սեյրան Օհանյանը:

«Մենք դիմակայում ենք ամենատարբեր մարտահրավերներին, լինի դա հակահայ հիստերիայի նոր փուլ, այսպես կոչված «դիպուկահարների պատերազմի» հերթական ակտիվացում, «անիմաստ գիշերային հարձակում հենակետի վրա, թե հայ սպային կացնահարած մարդասպանի արտահանձնում և հերոսացում: Եվ առաջին հերթին բանակն է, որ զսպում է հակառակորդի նկրտումները, բանակի հզորության վրա են հիմնվում ՀՀ իշխանությունները, երբ մեր արդարացի պահանջներն են ներկայացնում միջազգային կառույցներին»,-ասել է նա:

ՊՆ ղեկավարը հիշեց նաև Առաջին Հանրապետությունը. «Առաջին Հանրապետությունը ցավոք կարճ կյանք ունեցավ, որի պատճառներից մեկն այն էր, որ այդ ժամանակ մեզ չհաջողվեց ստեղծել հստակ գործող պետական համակարգ ու ուժեղ բանակ»: Նախարարը հավելեց, որ, բարեբախտաբար, Երրորդ հանրապետությանը հաջողվեց արագ լուծել այդ երկու խնդիրները: Պաշտպանության նախարարի խոսքից հետո տեղի ունեցավ ՀՀ, ԼՂՀ և ՊՆ պետական ու գերատեսչական պարգևներով պարգևատրման արարողությունը: «Սակայն միշտ հիշեք, որ ստանալով նոր շքանշան կամ մեդալ, դուք ոչ թե փառք եք ստանում, այլ ավելի մեծ պատասխանատվութուն»,-ասաց ՊՆ նախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---