Հոկտեմբերի 1-ից Երևանում կցուցադրվի «կատակերգություն այն մասին, թե ինչպես են վատ աղջիկները ստանում ամեն ինչ» (վիդեո)

Հոկտեմբերի 1-ից Երևանում կցուցադրվի «կատակերգություն այն մասին, թե ինչպես են վատ աղջիկները ստանում ամեն ինչ»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Լեսլի Հեդլանդի «Չամուսնացած կանայք» կինոկատակերգությունը: Երեք գեղեցիկ և սուր լեզվով չամուսնացած ընկերուհիներ ժամանում են նախկին չաղլիկ դասընկերուհու հարսանիքին և… պատահաբար փչացնում են իր չափերով տպավորիչ հարսանեկան զգեստը: Իսկ դասընկերուհին պետք է պսակադրվի հաջորդ օրը: Մի գիշերվա ընթացքում չամուսնացած ընկերուհիները գլխապտույտ ճանապարհորդություն են կատարում սթրիփ-ակումբներով, զուգարաններով և տղամարդկանց ննջարաններով հանուն փրկելու մեկի հարսանիքը, ում նրանք տանել չեն կարողանում: Գլխավոր դերերից մեկում հանդես է գալիս «Մելանխոլիայի» հերոսուհուն մարմնավորած Քիրսթեն Դանսթը: Ֆիլմի կարգախոսն է. «Կատակերգություն այն մասին, թե ինչպես են վատ աղջիկները ստանում ամեն ինչ»: Կատակերգության համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 23-ին ԱՄՆ-ում Sundance փառատոնի ժամանակ:

Նոյեմբերի 4-ից Հայաստանում էկրան կբարձրանա Օլիվյե Մեգատոնի «Պատանդը 2» մարտաֆիլմը: «Պատանդը» ֆիլմի շարունակության գործողությունները տեղի են ունենում Փարիզում կատարված իրադարձություններից մեկ տարի անց: Սցենարի համահեղինակն է Լյուկ Բեսոնը: ԿՀՎ նախկին գործակալ Բրայան Միլսը կրկին ստիպված է գործել, երբ Փարիզում սպանվածներից մեկի հայրը` ալբանացի քրեական պարագլուխ Մուրադը, առևանգում է Բրայանին և նրա կնոջը: Համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայում` Դովիլի կինոփառատոնի ժամանակ:

Իսկ նոյեմբերի 25-ից հայ հանդիսատեսը կկարողանա մեծ էկրաններին դիտել «Աստերիքսը և Օբելիքսը Բրիտանիայում 3D» արկածային կատակերգությունը: Աստերիքսի և Օբելիքսի արկածների մասին պատմող ֆիլմի չորրորդ մասը նկարահանել է Լորան Տիրարը: Ժերար Դեպարդյեից բացի ֆիլմի աստղային դերասանական կազմում հայտնվում է Կատրին Դընյովը: Գալլերի եռյակն ու նրանց հավատարիմ շունիկը, զինվելով մոգական թուրմով, մեկնում են ազատագրելու իրենց բրիտանացի ընկերներին Հուլիոս Կեսարի ճնշումներից: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան միաժամանակ ծրագրված է Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---