Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է (վիդեո)

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 26-ին ծնվել է հայ մշակույթի մեծ երախտավոր, կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ, հասարակական հզոր եռանդի տեր արվեստագետը` Կոմիտասը:

Կոմիտասը կամ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին նա դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։

1895 թվականին Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։

Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի հովանու ներքո։ 1899-ին նա վերադառնում է Էջմիածին և սկսում է ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար։ Կոմիտասի գլխավոր աշխատանքը իր պատարագն է, որը մինչև օրս առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսման պատճառով։ «Պատարագը» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին՝ Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել 1988 թվականին՝ Երևանում։ Կոմիտասը առաջին ոչ-եվրոպացին էր որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է «Գուսան» 300 հոգանոց երգչախումբը։

Փարիզյան կոնգրեսում Կոմիտասի ելույթը նրա վերջին հրապարակային ելույթներից էր: 1915 թ. ողբերգական իրադարձությունները և աքսորի ճանապարհին կրած անլուր տառապանքները նրան հոգեկան ծանր վիճակի հասցրին:

1919 թ. երաժշտին տեղավորեցին Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոցում, ուր նա մնաց մինչև իր կյանքի վերջը՝ 1935 թ. հոկտեմբերի 22-ը: Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխեցին Երևան՝ հայ մշակույթի խոշորագույն գործիչների պանթեոն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---