Հոկտեմբերի 7-11-ը Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» միջազգային գիտագործնական սեմինարը

Հոկտեմբերի 7-11-ը Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» միջազգային գիտագործնական սեմինարը

PanARMENIAN.Net - 2012 թ. հոկտեմբերի 7-11-ը Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» II միջազգային գիտագործնական սեմինարը և ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի Տարածաշրջանային թեմատիկ վարժանքը` «Կանխարգելիչ կոնսերվացումը» թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր հավաքածուներ», ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Նշված ծրագրերի շրջանակում նախատեսվում են դասախոսություններ, վարպետության դասեր և կլոր սեղան–հաղորդումներ, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան և եվրոպական այլ երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ և թվայնացում) արդի խնդիրները և դրանց լուծման եղանակները (Վ.Պարֆյոնով` ՙԹղթի և մագաղաթի լազերային մաքրում՚ (ՌԴ), Պ.Լիվի` «Գրքի կազմերի վերականգնում» (Իտալիա), Տ.Տիմչենկո` «Փաստաթղթերը թվայնացմանը նախապատրաստելու ռազմավարության հարցի շուրջ» (Լիտվա), Մ.Յաշկե` «Թղթի նախապատրաստումը ժամանակակից կազմերի համար» (Գերմանիա), Ա.Գորիշնյակ` «Արխիվային ժառանգության կոնսերվացումն ու վերականգնումը. հազվագյուտ գրքեր, ձեռագրեր, փաստաթղթեր» (Ուկրաինա), Լ.Արոնով` «Փաստաթղթերի պահպանման ապահովման կազմակերպումը ՌԴ պետական արխիվում» (Ռուսաստան) և այլն):

Նախատեսվում է նաև երկու նախագծերի մասնակիցների միացյալ կլոր սեղան` «Մատենադարանը` բազային կազմակերպություն գրավոր ժառանգության պահպանման ոլորտում» թեմայով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---