Երևանում նոր հսկայական օղակաձև կոմիքս է տեղադրվել (վիդեո)

Երևանում նոր հսկայական օղակաձև կոմիքս է տեղադրվել

PanARMENIAN.Net - Երևանում նոր հսկայական օղակաձև կոմիքս է տեղադրվել: 2012 թ. հոկտեմբերյան «Դարձ առ գիրք» երրորդ միջազգային գրքարվեստի փառատոնի շրջանակում ոչ-ֆորմալ «Անգուլեմ խումբը» (Մկրտիչ Մաթևոսյան, Լևոն Գյուլխասյան, Արմեն Պատվականյան և Տիգրան Առաքելյան) հնարեց մի սցենար, որի անվանումն է «Թումանյանն է մեղավոր»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց Տիգրան Առաքելյանը, կոմիքսը պատմություն է անիմատորի մասին, ով իր կարիերայի վերջում հանկարծ որոշում է, որ ընտանեկան անհաջողության պատճառը Հովհաննես Թումանյանն է: Դրանից քառորդ դար առաջ հերոսը` երիտասարդ խոստումնալից մուլտիպլիկատորը նկարահանում էր «Մի կաթիլ մեղրը»: Հենց այս ժամանակ ու այս միջավայրում էր, որ նրան ծանոթացրեցին ապագա կնոջ հետ…

Ինչպես և նախորդ մեծադիր օղակաձև կոմիքսները, այս մեկն էլ անվերջ պատմություն է, որտեղ վերջը տրամաբանորեն կապված է սկզբի հետ` կազմելով օղակ:

Լևոն Գյուլխասյանն ու Տիգրան Առաքելյանը նկարեցին, Նարե Հովհաննիսյանը գրեց տեքստերը, իսկ նկարչական դպրոցի սաները իրականացրեցին գունավորումը: Արարքը հասարակայնացնելու նպատակով «Անգուլեմ խումբը» որոշեց տեղափոխել նկարչական գործընթացը փողոց: Աշխատարար ու ունկնդրի համար անհետաքրքիր մասը` նկարների շրջանակները գծվեցին նախորդ օրը երեկոյան, իսկ բուն կոմիքսը ի ուրախություն հանդիսատեսների նկարվեց դրսում:

27,2 x 1.50 մ պաստառի վրա տեղ են գտել16 պատուհաններ: Կոմիքսը տեղակայված է Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարթակում` Տերյան փողոցի մայթին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---