Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Իմ երազած Երևանը» նոր կրթական ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Իմ երազած Երևանը» նոր կրթական ծրագիրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Իմ երազած Երևանը» նոր կրթական ծրագիրը:

Այն նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար և իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակներում: Ծրագրի առաջին մասում դպրոցականները շրջայց կունենան «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում: Նրանք կծանոթանան «Երևան. հայացք ապագայից» ցուցադրությանը: Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի Ստեղծագործական սրահում: Երեխաներին կտրվեն Երևան քաղաքի հետ կապված հարցեր: Այնուհետև երեխաները կփորձեն պատկերել «իրենց Երևանը»:

«Այս ծրագրի միջոցով երեխաները բացահայտում են հին և նոր Երևանը և ստեղծում իրենց «երազած Երևանի» պատկերը»,- մեկնաբանեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:

«Երևան. հայացք ապագայից» ցուցադրությունը կազմակերպվեց Երևանի պատմության թանգարանի հետ և ազդարարեց 2012 թ. Էրեբունի-Երևան տոնակատարությունների սկիզբը: Ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր քաղաքի առաջընթացը և ապագայից հայացք ուղում պատմական Երևանին:

Ընդ որում, հաշվի առնելով «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի այցելուների մեծ քանակը և ոգևորությունը, ցուցահանդեսը մինչև փակումը` դեկտեմբերի 16-ը կշարունակի գործել անվճար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---