Համահայկական մարաթոնին հավաքված գումարի մի մասը կհատկացվի սիրիահայերին

Համահայկական մարաթոնին հավաքված գումարի մի մասը կհատկացվի սիրիահայերին

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հեռուստամարաթոն 2012 դրամահավաքի ընթացքում Հայաստանի և Արցախի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10%-ը կուղղվի սիրիահայերի հրատապ կարիքներին: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաև Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, որը նույն նպատակին կուղղի նոյեմբերի 15-18 անցկացվող ավանդական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարի 10%-ը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Ինչ վերաբերում է Հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի բարերաների կողմից նվիրաբերված գումարներին, ապա միայն հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 22-ին հավաքված գումարի 10%-ը կօգտագործվի Հայաստանում հանգրվանած սիրահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով:

Նշենք, որ բացառություն կկազմեն նպատակային նվիրատվությունները, որոնք բարերաների ցանկությամբ կուղղվեն միմիայն իրենց կողմից մատնանշված ծրագրերի իրագործմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ,«Հայաստան»համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ս.թ. օգոստոսի կեսերին որոշում էր կայացրել բացել դրամային և արտարժութային բանկային հաշիվներ` սիրիահայությանն օժանդակելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---