Միջխորհրդարանական միության վեհաժողովում Ադրբեջանի առաջարկը մերժել են. դրան նպաստել է հայ պատգամավորների ելույթը

Միջխորհրդարանական միության վեհաժողովում Ադրբեջանի առաջարկը մերժել են. դրան նպաստել է հայ պատգամավորների ելույթը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-26-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովում քննարկվել են «Քաղաքացիությունը, ինքնությունը, լեզվական ու մշակութային բազմազանությունը գլոբալացված աշխարհում» և «Գենդերային գործոնը հաշվի առնող խորհրդարանները» հարցերը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել են ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը և անդամ Հեղինե Բիշարյանը: Վեհաժողովին Հեղինե Բիշարյանն իր ելույթում անդրադարձել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիևի ելույթին, որում վերջինս գովաբանել է Ադրբեջանի վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ և հայտարարել, թե Ադրբեջանում ապրում է 30 հազար հայ, իսկ երկրի 20 տոկոսն էլ գրավել են հայկական ուժերը: Հեղինե Բիշարյանը վեհաժողովի մասնակիցներին տեղեկացրել է այդ երկրի վարած քաղաքականության, Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման, Ադրբեջանում ոճրագործի հերոսացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության, սփյուռքի մեր հայրենակիցների մասին:

Ասուլիսի ժամանակ Հեղինե Բիշարյանը նշել է, որ իր ելույթից հետո իրեն է մոտեցել Հունգարիայի պատվիրակության անդամ ընդդիմադիր պատգամավորը և ներողություն խնդրելով հունգար ժողովրդի անունից՝ տեղեկացրել, որ իրենց պատվիրակության ղեկավարը ցանկություն ունի հանդիպելու հայկական պատվիրակության հետ: Կայացած հանդիպման ժամանակ հունգարական պատվիրակության ղեկավար Լասլո Հորվաթը, ով երկու տարի առաջ հյուրընկալվել էր Հայաստանում, նույնպես ներողություն է խնդրել մարդասպանի արտահանձնման համար և առաջարկել, որ պատգամավորների փոխայցելությունների մակարդակով փորձեն վերականգնել Հունգարիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները: Այս հարցի առնչությամբ պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատել է, որ սառեցված դիվանագիտական հարաբերությունների վերականգնում դեռևս չի նախատեսվում, քանի որ այն իր ընթացակարգերն ունի:

Հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը Միջխորհրդարանական միության կազմում գործող վեց աշխարհաքաղաքական խմբերից մեկի՝ Եվրասիայի ներկայացմամբ ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամ և Միության փոխնախագահ:

Գործադիր կոմիտեի նիստում մերժվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրավոր խնդրանքը՝ 2014 թվականին Միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովն իրենց երկրում անցկացնելու մասին: Մերժմանը, ըստ հայկական պատվիրակության անդամների, նպաստել է նաև մեր պատգամավորի ելույթը, որում ներկայացվել են տարածաշրջանային խնդիրներն ու Ադրբեջանի վարած իրական քաղաքականությունը:

Ավելացնենք, որ վեհաժողովին մասնակցել է շուրջ 2000 պատվիրակ 130 երկրների խորհրդարաններից: Այս մասին հայտնում են Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---