ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

PanARMENIAN.Net - Հնդկաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Աշոտ Քոչարյանը իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահ Աբդուլ Կալամին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ ծառայությունը: Զրույցի ընթացքում Աշոտ Քոչարյանը Հնդկաստանի նախագահին է փոխանցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջերմ ողջույնները: Հատուկ ընդգծվել է, որ ՀՀ նախագահի պետական այցը Հնդկաստան ուներ մեծ քաղաքական կարեւորություն երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման առումով: Ա.Քոչարյանի խոսքերով, ի դեմս Հնդկաստանի, Հայաստանը առանձնահատուկ բարեկամական հարաբերություններ է հաստատել աշխարհի ամենամեծ երկրներից եւ ամենահնագույն քաղաքակրթություններից մեկի կրողի հետ: Իր հերթին, Աբդուլ Կալամին ներկայացրեց Հնդկաստանի զարգացման առաջնայնությունները եւ հեռանկարները: Ա. Քոչարյանը պատրաստակամություն հայտնեց սերտացնելու եւ խորացնելու երկկողմ բարեկամական հարաբերությունները քաղաքական, առեւտրատնտեսական, տեխնիկական համագործակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի եւ գիտության ոլորտներում: Հանդիպման վերջում նախագահ Կալամը խնդրեց իր ջերմագույն ողջույնները փոխանցել նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ողջ հայ ժողովրդին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---