Քարոզարշավը մեկնարկել է. Ի՞նչ են խոստանում թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրություններին ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը գնում է «Հանուն արժանապատիվ կյանքի» կարգախոսով: Թեկնածուն նախընտրական քարոզարշավն արդեն սկսել է: Հանդիպումների ժամանակացույցն էլ կազմել են: Իր ընտրողներին Մուրադ Գրիգորյանը խոստանում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանում պատգամավոր դառնալը չլինի երկրի իշխանությունների կողմից շնորհված կրծքանշանի նման մի բան: «Ես իմ ընտրողներին խոստացել եմ բացառել պարտադրված թեկնածու ներկայացնելու և պատգամավոր դարձնելու սցենարը: Պատգամավորը պետք է լինի քվե վաստակած, օրինական ճանապարհով ընտրված մարդ: Իմ ընտրողը պետք է հավատ ունենա, որ կարող է իշխանություն ձևավորել իր տված քվեով»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Մուրադ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ընտրողը չպետք է լինի ինչ-որ նախանշված միջոցառման մասնակից. «Սրա ընկերոջ, նրա հովանավորյալի և այլ նման ատրիբուտներով պատգամավոր մեր ընտրատարածքից չի ընտրվելու»:

Թիվ 35 ընտրատարածքում ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանի հետ պայքարի մեջ է մտել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արման Սահակյանը: Թե ինչ կարգախոսով է նա գնում այս ընտրություններին՝ դեռ հայտնի չէ: Արման Սահակյանն ընտրողներին նոր խոստումներ չի տալու: Մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ արդեն ներկայացրել է իր ծրագիրը: «Գյումրիի զարգացման իմ համապարփակ ծրագրի մեջ ներկայացված է խնդիրների լուծման իմ տեսլականը: Այս ընտրատարածքում նաև գյուղական համայնքներ կան, ուսումնասիրում ենք խնդիրները և նաև դրանցից ենք խոսելու»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Սահակյանը: Հարցին, թե ինչու՞ ընտրողները հենց իրեն պետք է տան իրենց ձայնը, ՀՀԿ-ական թեկնածուն պատասխանեց. «Մայիսի 6-ի ընտրություններում ես հավաքել եմ 14 000 ձայն: Ես պատասխայնատվություն զգալով ինձ ձայն տված այդ մարդկանց առաջ՝ որոշեցի առաջադրվել, որպեսզի նրանց սպասելիքներն արդարացնեմ»:

Ավելացնենք, որ թիվ 35 ընտրատարածքում ընտրությունները կկայանան դեկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք այս ընտրատարածքում պատգամավորի մանդատը մնաց թափուր այն բանից հետո, երբ այստեղից ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը զբաղեցրեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը;

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---