ԱՄՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՆԱՁԵՎ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը բանաձեւ է ընդունել Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման մասին: Ժողովրդավարներն ու հանրապետականներն արտահայտվել են այդ հանրապետությունում ռուսաստանյան ռազմական ներկայության շուտափույթ ավարտի օգտին, տեղեկացնում է utro.ru-ն: Ինչպես նշել է հանրապետական-սենատոր Բիլլ Ֆրիսթը, Մոսկվան չի կատարել ռազմակայանների դուրսբերման իր պարտավորությունները: Նա նաեւ հիշեցրել է, որ ներկայումս Վրաստանի տարածքում գտնվում են ավելի քան 3 հազար ռուս զինծառայողներ, որոնց արդեն ժամանակն է հեռանալ այդ երկրից:«Ռուսաստանը չի կատարել Եվրոպայում սովորական սպառազինության վերաբերյալ պայմանագրի շուրջ ստամբուլյան համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները»,- նշվում է փաստաթղթում: Սենատի նիստին ներկա գտնվող ԱՄՆ պետքարտուղար Կանդոլիզա Ռայսը հավաստիացրել է Կոնգրեսի վերին պալատի անդամներին, որ Ջորջ Բուշի վարչակազմն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի համոզի Մոսկվային, որ Վրաստանից զորքերը շուտափույթ դուրս բերվեն: Հիշեցնենք, որ 1999 թվականին ԵԱՀԿ ստամբուլյան վեհաժողովում Ռուսաստանը ստորագրել է պայմանագիր, ըստ որի` ՌԴ զորքերը պետք է հեռանան Վրաստանից եւ Մերձդնեստրից չորս տարվա ընթացքում, այժմ Վաշինգթոնը պահանջում է այդ պարտավորությունների կատարումը: Կրեմլն, իր հերթին, անհանգստանալով Ռուսաստանի սահմանագծով ՆԱՏՕ-ի ռազմական աշխուժացմամբ, չի շտապում դուրս բերել իր խաղաղարարներին: Մինչեւ Ամերիկայում Սենատը հաստատում է ռուսաստանյան զորքերի դուրսբերման հարցում Վրաստանին օգնելու իր պատրաստակամությունը, Մոսկվայում Պետդուման պաշտոնապես դատապարտում է վրացի գործընկերների կտրուկ հայտարարությունները, որոնք ուլտիմատում են առաջ քաշում Վրաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանների նկատմամբ: Վրացական ուղերձի նկատմամբ վերաբերմունքը Պետդուման արտահայտել է Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումում: Թբիլիսիում այդ ժամանակ Ռուսաստանյան զորախմբերի շտաբն արդեն երկու շաբաթ է չի ապահովվում ջրով: Ինչպես տեղեկացրել են «Թբիլիվոդկանալ» ընկերությունում, շտաբի ջրամատակարարումը դադարեցվել է ջրի ծախսի համար պարտքի պատճառով` 1 մլն լարի (շուրջ 500 դոլար): Ընկերությունում հավաստիացրել են, որ «ջրամատակարարման դադարեցումը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, նման ձեւով վարվում են մյուս չվճարողների հետ»: Միեւնույն ժամանակ, շտաբի ապահովումը էլեկտրաէներգիայուվ չի դադարեցվում: Թբիլիսիի էլեկտրաբաշխման ԹԷԼԱՍԻ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Պանցուլայան այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ ԱՌԶԽ-ն վճարում է էլեկտրաէներգիայի համար եւ «ընկերությունը չի զգացել քաղաքական ճնշում ոչ Վրաստանի իշխանությունների եւ ոչ էլ Ռուսաստանի կողմից»: Չնայած դրան, Վրաստանի ղեկավարությունը պաշտոնապես հավաստիացնում է, որ ռուսաստանյան ռազմակայանների զինծառայողներին ոչինչ չի սպառնում: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Խոսնակի խոսքերով` նրան «հասկանալի չէ Ռուսաստանի պետդումայում տեղ գտած պատմությունը», նա չի հասկանում, թե ինչ անպատասխանատու հայտարարություններում է ռուսաստանյան կողմը մեղադրում Վրաստանին: Նա նաեւ ընդգծել է, որ «Վրաստանը կողմնակից չէ իր հարեւանների հետ հարաբերությունների սրմամբ, առավել եւս` Ռուսաստանի հետ»: Սակայն նրա խոսքերով` դա չի նշանակում, որ Թբիլիսին հետ կկանգնի իր սկզբունքներից եւ շահերից: « Մենք օգտագործում ենք միջազգային իրավունքով նախատեսված բոլոր հնարավորությունները, որպեսզի դուրս բերենք ռուսաստանյան ռազմակայանները մեր տարածքից»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---