Շավարշ Քոչարյանը հիշեցնում է Իլհամ Ալիևին. Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է 1918 թվականին

Շավարշ Քոչարյանը հիշեցնում է Իլհամ Ալիևին. Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է 1918 թվականին

PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է «Յենի Ազերբայջան» կուսակցության քսանամյակին նվիրված արարողության ժամանակ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ «Հայաստանը հանդիսանում է արտերկրից ղեկավարվող մի տարածք` արհեստականորեն ձևավորված ադրբեջանական հողերի վրա», և որ «հայկական լոբին հանդիսանում է մեր հիմնական թշնամին»: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ-ի մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նման ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասեռմամբ և հարևան երկրների հանդեպ ծիծաղաշարժ տարածքային նկրտումներով Ադրբեջանը կարող էր հնարավորություն ունենալ պահպանելու իր գոյությունը վաղ միջնադարում միայն: Սակայն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918 թվականին միայն: Բաքվում այդպես էլ չհասցրեցին հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա և ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և նրանց պատմական-մշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիկ ատելության վրա», - ասված է մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի նախագահի ցինիկ հայտարարություններին միանգամայն անսպասելի արձագանքել են թուրք ընթերցողները: Մասնավորապես, իր մեկնաբանություններում ընթերցողներից մեկը գրել է.«Այս հայտարարությունը վայել չէ պետական գործչին: Նրա հայրը խելացի մարդ էր, սակայն որդին չի ժառանգել նրա նրբանկատությունն ու դիվանագիտական հմտությունները: Եվ նա իր հետևից է քաշում Թուրքիային»: «Այդ մարդը սպառնալիք է խաղաղությանը տարածաշրջանում: Մի մոռացեք, որ նա է պատասխանատւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման համար»,-գրում է մեկ այլ ընթերցող Թուրքիայից: «Ադրբեջանում նավթի արդյունահանման նվազման պայմաններում հիստերիան Ալիևի համար իշխանությունը պահպանելու միակ միջոցն է: Վերլուծաբանների մեծ մասը գտնում է, որ նավթի արդյունահանումն Ադրբեջանում գնալով նվազելու է: Այո, նավթը շատ փող բերեց Ադրբեջանին, սակայն բնակչության մեծ մասը աղքատության մեջ է ապրում: Ես չեմ ասում թե Հայաստանը դրախտավայր է, սակայն շարքային ադրբեջանցիները նույն խնդիրներն ունեն, ինչ հայերը»,-ասվում է մեկ այլ թուրք ընթերցողի մեկնաբանության մեջ»:

Հայաստանում Ալիևի ելույթը համեմատել են 1930-40թթ. Ադոլֆ Հիտլերի ելույթների հետ: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ալիևին անվանել է «բռնապետական պետության բռնապետ առաջնորդ»: «Իր ցինիկ հայտարարություններով Ալիևը ցույց է տալիս, որ 21-րդ դարում դեռ մնացել են ֆաշիզմի կողմնակիցներ, և որ այդ գաղափարախոսությունը զարգանում է նրա նման առաջնորդների շնորհիվ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---