ԲԱՔՎԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻՆ ՇԱՏ ԲԱՆ Է ՄԵՐՁԵՑՆՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Երեւանում մեկնարկել է «Տոլերանտություն, պայքար ընդդեմ խտրականության եւ քսենոֆոբիայի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում (Կովկասյան չափում)» միջազգային խորհրդաժողովը: Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ապարատը եւ ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ եւ անցնում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանավորությամբ: Միջազգային խորհրդաժողովը, մասնավորապես, կոչված է նպաստելու խաղաղության ամրապնդմանը, փոխադարձ հանդուրժողականության եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը աջակցելուն եւ տարածաշրջանի երկրների միջեւ երկխոության հաստատմանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին եւ հյուրերին` Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը մատնանշելով ռասիզմի դրսեւորումները արդի աշխարհում, նշել է, որ դա սպառնում է ոչ միայն առանձին վերցրած երկրների անվտանգությանը, այլ նաեւ տարածաշրջանային անվտանգությանը: Խտրականության եւ քսենոֆոբիայի դրսեւորումների դեմ պայքարի համատեքստում, ԱԳ փոխնախարարը նշել է, որ աշխարհի երկրները այդ չարիքի դեմ պայքարում պետք է գործեն համատեղ: Գեղամ Ղարիբջանյանը նաեւ կարեւորել է երկխոսությունը քաղաքակրթությունների միջեւ: Վրաստանի ժողովրդական պաշտպանի ապարատի իրավահավասարության եւ արդարության վարչության ղեկավար Բեկա Մինդիաշվիլին հայտարարել է, որ առանց տոլերանտության եւ համաձայնության անհնարին է հասնել ոչ խաղաղության, ոչ ժողովրդավարության, ոչ արդարության: Նշելով, որ Վրաստանում բնակվում են բազմաթիվ ազգերի եւ էթնոսների ներկայացուցիչներ, Մինդիաշվիլին ընդգծել է, որ պոլիէթնիկ հասարակության բարեփոխումները շատ բարդ են, եւ այդ հարցերի լուծումները պահանջում են էթնիկ հարցերի մանրակրկիտ ուսումնասիրություն: «Տարածաշրջանային պատերազմները ահաբելչություն են առաջացնում: Եթե մենք ցանկանում ենք պայքարել ահաբեկչության դեմ, ապա, առաջին հերթին, պետք է պայքարենք տոտալիտարիզմի դեմ` պաշտպանելով ընդ որում մարդու իրավունքները եւ աջակցելով քաղաքացիական հանրության գործունեության արդյունավետությանը»,-հայտարարել է հավասարության եւ արդարության վարչության ղեկավարը: Իր հերթին, Մարդու իրավունքների, քաղաքական եւ փիլիսոփայական հետազոտությունների Մինգեչաուիրի կենտրոնի (Ադրբեջան) նախագահ Ջիանշա Օմարովը նշել է, որ Հարավային Կովկասի ժողովրդները միշտ կապված են եղել եղբայրական, համերաշխության կապերով, «սակայն այժմ յուրաքանչյուրը կառուցում է իր քաղաքացիական հասարակությունը, վերագնահատելով եղած արժեքները»: «Մենք, որպես իրավապաշտպաններ, պետք է լուծենք հակամարտության հարցերը մեր ժողովրդների միջեւ, մերձեցնենք նրանց, որի առաջին քայլը կարող է հանդիսանալ սեփական անձի գիտակցումը»,-նշել է նա: Մատնանշելով բարդ քաղաքական իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Օմարովը հայտարարել է, որ «շատ բան մեզ մերձեցնում է, սակայն կան հոգեբանական բնույթի խոչընդոտներ»: «Եթե կարողանանք հաղթահարել այդ խոչընդոտները, ապա բոլոր հիմքերը կգտնվեն բազմաթիվ հարցերի լուծման համար: Մենք ապրում ենք միասին, մեր ճակատագրերը սերտորեն միահյուսված են, դրանից չես փախչի, այդ պատճառով էլ կարիք չկա խոսել Կովկասում քսենոֆոբիայի մասին կոշտ ձեւով»,-հայտարարել է նա: Նա նաեւ հույս է հայտնել, որ նման խորհրդաժողով կկայանա նաեւ Մինգեչաուրում, ուր կհրավիրվեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Նշենք, որ խորհրդաժողովին մասնակցում են շուրջ 60 մասնակիցներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, միջազգային, միջպետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում են Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գործադիր կոմիտեի անդամ Նիկոլաուս Շվերցլերը (Ավստրիա), Սանքտ Պետերբուրգի «Ռազմավարություն» հումանիտար եւ քաղաքագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ապարատի, ՅՈՒՆԵՍԿՈ, Ռուսաստանի մարդու իրավունքների լիազորի պատասխանատու աշխատակիցները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի երեւանյան ներկայացուցչության, Ռուսաստանի դեսպանատան, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:


 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---