«168 ժամ». Ծառուկյանը մտածում է քաղաքականությունից դուրս գալու մասին

«168 ժամ». Ծառուկյանը մտածում է քաղաքականությունից դուրս գալու մասին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության բրյուսելյան աղմկահարույց այցից հետո թվում էր, թե Հայաստան վերադառնալուն պես Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարեր նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: «168 ժամ»-ը գրում է, որ Բրյուսելից վերադառնալուց հետո, սակայն, Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո ԲՀԿ-ն հայտնվել է անորոշ վիճակում: Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին տեղեկությունը չի հերքվել, սակայն այդ մասին նաև պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել:

Ըստ «168 ժամ»-ի լավատեղյակ աղբյուրների` մինչ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում Բրյուսելում, նրա թիմակիցներից ոմանց հետ «աշխատանքային հանդիպումներ» են ունեցել իրավապահ և հարկային մարմինների ներկայացուցիչները: Մասնավորապես, ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ամերձ կիսաքրեական տարրերին իրավապահ մարմիններից հասկացրել են, որ ԲՀԿ-ական գաղափարախոսությանը հավատարիմ մնալու դեպքում նրանց գործողություններն այլևս աննկատ չեն մնա: Նույնը փոխանցվել է ԲՀԿ-ական գործարարներին: Բրյուսելից վերադառնալուց հետո նշված շրջանակները Գագիկ Ծառուկյանին փոխանցել են նրա բացակայության ընթացքում տեղի ունեցածի մասին, և այդ պատճառով Ծառուկյանն ինքն է հանդիպում խնդրել Սերժ Սարգսյանից: ԲՀԿ ղեկավարը վերջինիս ասել է, որ պատրաստ է կատարել նախագահի ցանկացած որոշում, սակայն Սերժ Սարգսյանը նրան փոխանցել է, որ ինքը պետք է որոշում կայացնի: Այսինքն՝ Ծառուկյանը կորցրել է նախագահական ընտրություններում իր այս կամ այն քայլը որպես Սարգսյանին աջակցություն ներկայացնելու, ուստիև՝ դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելու հնարավորությունը:

Թերթը կրկնում է՝ վերը նշվածը այդ հանդիպման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվություն է, որը փոխանցող ԲՀԿ-ականներն ու ՀՀԿ-ականները պնդում են, թե ստացել են առաջին աղբյուրներից: ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական շրջանակներում քննարկվող այս տեղեկությունների համաձայն` Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը մտածում է ոչ միայն նախագահական ընտրություններում առաջադրվելու գաղափարից հրաժարվելու, այլև ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու մասին:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը դեռևս անցած տարվա փետրվարին կայացած ԲՀԿ համագումարում հայտարարել էր. «Հենց հասկանամ, որ չեմ կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, արտահերթ համագումար կհրավիրեմ և հրաժարական կտամ: Իմ փոխարեն կգա նա, ով վայելում է ժողովրդի ավելի մեծ վստահությունը»: Փաստորեն, եթե ճիշտ են ԲՀԿ-ականների նկատմամբ սկսված ճնշումների մասին տեղեկությունները, Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, այն է՝ պաշտպանել կուսակիցներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---