ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԱՐՐԵՐ

PanARMENIAN.Net - Երեւանն ու Բաքուն բանակցություններ են վարում Հայաստանը Լեռնային Ղարաբաղի (Լաչինով) եւ Արդբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհների մասին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով` «խոսքը գնում է ավտոճանապարհի եւ երկաթուղու մասին»: «Սակայն մեզ թվում է, որ ավտոճանապարհի բացումն ավելի ձեռնտու կլինի: Ճանապարհների բացման հարցը պետք է փոխշահավետ լինի», - հայտարարել է նա: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Վարդան Օսկանյանի հետ` հունիսի 18-ին Փարիզում կայանալիք հանդիպման օրակարգում լինելու է 7-9 հարց, «որոնցից յուրաքանչյուրը մեծ կարեւորություն ունի»: «Մենք քննարկելու ենք այդ հարցերից յուրաքանչյուրը: Սակայն Ադրբեջանի դիրքորոշումը լավ հայտնի է. երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի», - ավելացրել է Է.Մամեդյարովը: Նրա խոսքերով` հանդիպման օրակարգում է նաեւ «արդբեջանցի փախստականների վերադարձից հետո տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը»: «Անվտանգության հարցը շատ կարեւոր է: Ադրբեջանցիների` իրենց տները վերադառնալուց հետո այն արդիական կդառնա: Հայկական կողմը նույնպես շատ լուրջ է մոտենում այս հարցին», - ավելացրել է նախարարը: Նրա խոսքերով` նշված տարրերի քննարկումն անցնում է փուլ առ փուլ, եւ ցանկացած հաջորդ հարցի լուծումը կախված է նախորդների լուծումից: «Եթե հանվի տարրերից գոնե մեկը, մնացածը պարզապես կկորցնեն իրենց իմաստը», - Հայտարարել է Է.Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կախված է փարիզյան բանակցությունների արդյունքից: «Սակայն մենք նախատեսում ենք, որ այդ հանդիպումից հետո միջնորդները էլ ավելի կակտիվացնեն իրենց ջանքերը», - ավելացրել է նա, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---