ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՉԻՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԼԻ ՉԺԱՈՍԻՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր չինացի գործընկեր Լի Չժաոսինի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը զրուցեցին հայ-չինական երկկողմ հարաբերությունների շուրջ եւ գոհունակությամբ փաստեցին, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է առեւտրատնտեսական բալանսի 73 տոկոսանոց աճ: Զրուցակիցները նաեւ կարեւորեցին գիտատեխնիկական եւ կրթական ոլորտներում համագործակցության ընդլայնումը` խոսելով ուսանողների միջհամալսարանական փոխանակման եւ չինական համալսարաններում հայ գիտնականների` հետազոտություններ անցկացնելու հնարավորություններ ընձեռնող ծրագրերի մասին: Լի Չժաոսինը նշել է, որ համաձայն երկկողմ փորձագիտական խմբերի եզրակացության, Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կարող է համագործակցություն ծավալվել նաեւ ավանդական բժշկության, գյուղատնտեսական թեթեւ մեքենաշինության, խաղողագործության ու գինեգործության բնագավառներում: Հաշվի առնելով հայ-չինական քաղաքական ամուր կապերը` կողմերը քննարկեցին միջազգային հաստատություններում, այդ թվում` ՄԱԿ-ում, արդյունավետ համագործակցության հնարավորությունները: Մտքեր փոխանակվեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի ու Թայվանի խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ավարտին նախարարները ստորագրեցին միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքերի, շինությունների եւ հողամասերի փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը: Բացի այդ, Վ.Օսկանյանն ու Լի Չժաոսինը նամակներ փոխանակեցին նաեւ 5 մլն. յուանի (800 հազար ԱՄՆ դոլար) չափով Հայաստանի տեխնիկական աջակցությանն ուղղված չինական դրամաշնորհի վերաբերյալ: Հանդիպման ավարտից հետո Վարդան Օսկանյանը այցելել է Հայաստանի դեսպանության նոր շենքը Պեկինում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---