7  18.12.12 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին

Ալեն Դելոնն ընդունել է Սերժ Սարգսյանի՝ կրկին Հայաստան այցելելու հրավերը

Ալեն Դելոնն ընդունել է Սերժ Սարգսյանի՝  կրկին  Հայաստան այցելելու հրավերը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին` ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին: Այսօր Երևանում նա ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային:

Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանում` ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ:

Ֆրանսիացի անվանի դերասանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին` ջերմ խոսքերի և հյուրընկալության համար, ընդգծել, որ Ֆրանսիայում մշտապես շատ ուշադիր են եղել Հայաստանի նկատմամբ, հարգալից վերաբերմունք ունեն` նրա մշակույթի, պատմության նկատմամբ և հստակ դիրքորոշում` 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում: Նա նշել է, որ հետաքրքրությամբ է հետևել շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, իսկ անցյալ տարի` նաև Նիկոլա Սարկոզիի պետական այցին Հայաստան:

Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Երևանում ցուցադրվելիք «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմով` նշելով, որ հայերի, ինչպես և միջերկրածովյան բոլոր ժողովուրդների համար մայրերի նկատմամբ մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է եղել, և եթե ֆիլմի հայ ռեժիսորն ու պրոդյուսերը, ամբողջ ստեղծագործական թիմի հետ միասին, ֆիլմը նվիրել են մայրիկներին, ուրեմն այն, իր կարծիքով, արժեքների հավերժության մասին է, իսկ թեման` բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների համար` մշտապես արդիական:

Ալեն Դելոնը նշել է, որ չնայած այդ լիրիկական կատակերգության մեջ փոքր մասնակցությանը, ինքն էլ մեծագույն սիրով է խաղացել իր դերը և անչափ ուրախ է Հայաստան այցի համար, որտեղ իրեն հաճելիորեն զարմացրել է իր այդքան ճանաչված և սիրված լինելը:

Նշանավոր դերասանը սիրով ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` կրկին այցելելու Հայաստան և ավելի հանգամանորեն ծանոթանալու երկրին, որի մասին բազմիցս լսել է իր հայ ընկերներից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---