ԲԱՔՈՒՆ ԿՊԱՀԱՆՋԻ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ «ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԸ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանական խորհրդարանի պատգամավորները որոշել են, որ իրենց երկիրը, ինչպես մերձբալթյան հանրապետությունները, իրավունքն ունեն փոխհատուցում պահանջելու Ռուսաստանից: Պատգամավոր Զախիդ Օրուջը առաջարկել է ձեւավորել հատուկ խորհրդարանական հանձնաժողով, որը կհաշվարկի փոխհատուցման գումարը, որը «Ռուսաստանը պետք է վճարի Ադրբեջանին ԽՍՀՄ եւ նույնիսկ Ռուսական կայսրության տարիներին հասցված վնասի համար»: Պատգամավորը գտնում է, որ ստալինյան բռնագաղթի եւ ռեպրեսիաների, ինչպես նաեւ 1990 թվականի հունվարի 20-ի իրադարձությունների բոլոր զոհերը, երբ խորհրդային զորքերը ճնշեցին հակակառավարական ելույթները Բաքվում, իրավունքն ունեն դրամ պահանջելու Մոսկվայից հասցված վնասի համար: «Խոսքը գնում է ավելի քան մեկ միլիարդ դոլարի մասին»,-կարծում է Զախիդ Օրուջը: Մինչդեռ ադրբեջանցի քաղաքագետ, հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն գտնում է, որ «Ռուսաստանը պետք է վճարի Բաքվի նավթի համար, որի շնորհիվ ԽՍՀՄ-ը հաղթեց Մեծ Հայրենական պատերազմում»: Ադրբեջանը գնում է նախկին մյուս խորհրդային երկրների հետքերով: Հիշեցնենք, որ ժամանակին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները հաշավարկել էին, որ նախկին ԽՍՀՄ արտերկրյա ունեցվածքի ընդհանուր արժեքը կազմում է 400 միլիարդ դոլար, որոնցից 12,1 միլիարդը պատկանում է Կիեւին: Ավելի ուշ Լիտվան պահանջեց ՌԴ-ից 20 միլիարդ դոլարի փոխհատուցում «խորհրդային օկուպացիայի հասցրած» վնասի դիմաց: Էստոնիան սահմանափակվեց 4 միլիարդով, իսկ Լատվիան պահանջեց Մոսկվայից միանգամից 100 միլիարդ: Լատվիացի խորհրդարանականները հանձնարարել են կառավարությանը մինչեւ աշուն ստեղծել աշխատանքային խումբ, «որը կպարզի խորհրդային ռեժիմի զոհերի թիվը, նրանց զանգվածային հուղարկավորման տեղերը, կամփոփի բոլոր տվյալները բռնադատումների, զանգվածային բռնագաղթի մասին եւ կհաշվարկի Լատվիային եւ նրա բնակիչներին հասցված վնասը»: Նմանատիպ պահանջներ է առաջ քաշել նաեւ Վրաստանը, որը հավակնում է 5 միլիարդ դոլարի: Բացի այդ, Թբիլիսիյում պնդում են, որ Մոսկվան Վրաստանին պետք է վճարի նաեւ շուրջ 1 միլիարդ դոլար` այն վնասի համար, որ հասցրել են ՌԴ ռազմակայանները Վրաստանի բնությանը, ինչպես նաեւ կոմունալ ծախսերի համար, հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---