ԱԱԽ քարտուղար. 2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունեցել է հաջող ընթացք

ԱԱԽ քարտուղար. 2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունեցել է հաջող ընթացք

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունեցել է հաջող ընթացք: Նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է: ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը ներառել է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության համակարգերը և նշված բոլոր գերատեսչությունները պլանով նախատեսված միջոցառումները ամբողջությամբ իրականացրել են: Հատկապես ուզում եմ կարևորել այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն դրական գնահատական է տվել պաշտպանության ոլորտում ռազմավարական վերանայման աշխատանքներին` նշելով, որ մեր զինված ուժերը և նրանցում կատարված բարեփոխումները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Կարևորվել է Հայաստանում 911 ծառայության ստեղծումը, որը միայն 2012թ. ստացել է 1,3 մլն. զանգեր, աղետների բժշկության կենտրոնի ստեղծումը, ոստիկանության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության հիմնումը, ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը և գործողությունների ծրագրի հստակ իրականացումը»:

Արթուր Բաղդասարյանը նաև վստահություն է հայտնել, որ նախանշված միջոցառումները հաջող ընթացք կունենան նաև 2013թ., հետևաբար պետք է շարունակել այս ընթացքը ակնկալելով լավ արդյունքներ:

Զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները` իրենց գերատեսչություններին վերաբերող մասով ներկայացնելով ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի` 2012թ. կատարողականի ամփոփում` ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարևորագույն միջոցառումները:

ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի և քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---