Հայաստանի և Ճապոնիայի փոխգործակցության մեծ ներուժը պետք է կյանքի կոչել

Հայաստանի և Ճապոնիայի փոխգործակցության մեծ ներուժը պետք է կյանքի կոչել

PanARMENIAN.Net - Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը փետրվարի 1-ին հանդիպեց Կովկասի և ՎՈՒԱՄ-ի հարցերով Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարայի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-Ճապոնական տնտեսական, գիտամշակութային կապերի զարգացմանը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծեցին, որ թեև Հայաստանի անկախացումից հետո՝ անցած քսան տարիների ընթացքում, միջպետական հարաբերություններում, տնտեսական համագործակցության ոլորտում նշանակալից տեղաշարժեր են արձանագրվել, փոխադարձ հետաքրքրությունները ավելի են մեծացել, բայց երկու երկրները փոխգործակցության դեռևս մեծ ներուժ ունեն, ինչը պետք է կյանքի կոչել իրատեսական ու փոխշահավետ ծրագրերի իրականացմամբ:

Սամվել Ֆարմանյանը միջխորհրդարանական կապերի զարգացման առումով կարևորեց խորհրդարանականների փոխայցերն ու համատեղ քննարկումները և Տակեշի Հիկիհարային խնդրեց Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններից հետո նոր կազմավորված Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին փոխանցել իր հրավերը՝ այցելելու Հայաստան և գումարելու բարեկամական խմբերի համատեղ նիստ:

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Տակեշի Հիկիհարան հավաստիացրեց, որ Ճապոնիան շարունակում է պաշտպանել հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով, Մինսկի խմբի շրջանակներում կարգավորելու մոտեցումը: Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման համար:

ՀՀ-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձավ նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն բացելու անհրաժեշտությանը, ինչը, նրա գնահատմամբ, ավելի կակտիվացնի երկկողմ հարաբերությունները: ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը, համաձայնելով ԱԺ պատգամավորի դիտարկմանը, տեղեկացրեց, որ այդ խնդիրն իր երկրի համար նույնպես կարևոր նշանակություն ունի և դեռևս քննարկման փուլում է:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---