Հացադուլավոր թեկնածուն Հայրիկյանին կոչ է անում դիմել ՍԴ՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով

Հացադուլավոր թեկնածուն Հայրիկյանին կոչ է անում դիմել ՍԴ՝ նոր ընտրություններ նշանակելու պահանջով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանին կոչ է անում դիմել Սահմանադրական դատարան` նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Պարույր Հայրիկյանն՝ իր վրա իրականացած մահափորձից հետո Սահմանադրության համաձայն կարող է դիմել ՍԴ և խնդրել հետաձգել նախընտրական քարոզարշավը երկու շաբաթով, կամ ընտրությունները՝ 40 օրով:

Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է գրել Պարույր Հայրիկյանին, որում ասած է.

«Հարգելի պարոն Հայրիկյան, կիսում եմ մեր ժողովրդի մտահոգությունը Ձեր առողջության կապակցությամբ: Ձեր անձի նկատմամբ կատարված ոտնձգությունը ևս մի ապացույց է, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովելու ընտրությունների համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ: Դուք եք կանգնած եղել մեր երկրի անկախության և ազատության նորագույն գաղափարախոսության ակունքներում, և Ձեր ավանդն է ներդրված երկրի անկախության կերտման գործում:

Ձեր դեմ կատարված ոճրագործությունն օբյեկտիվորեն Ձեզ է վերապահել նաև մեր երկրում ազատ և արդար ընտրությունների իրավունքը հաստատելու առաքելությունը: Բնական է, որ քանի դեռ Ձեր դեմ կատարված հանցագործությունը բացահայտված չէ, պահպանվելու է վտանգը Ձեր, ՀՀ նախագահի մյուս թեկնածուների և ողջ ժողովրդի համար: Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ընտրական գործընթացին շարունակում է մասնակցել այս վիճակի ընդհանուր պատասխանատու՝ ժողովրդի կամքը ճնշող կուսակցության թեկնածուն:

Ես կոչ եմ անում Ձեզ դիմել Սահմանադրական դատարան` նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետևելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից և մինչև նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել, չթույլատրել, որ ընտրակաշառք բաժանող և հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին: Համոզված եմ, որ սա է հանրության համար իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորությունն ապահովող ճանապարհը»:

Նախօրեին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայրիկյանը բացառել էր նոր ընտրություններ կազմակերպելու սցենարը:

«Ես որքան էլ վատ լինեմ դա չեմ անի, որովհետև այս գործողության մեջ տեսնում եմ նաև այդ նպատակադրումը. թեկնածուներից մեկին վերացնեն, ստիպված պիտի նոր առաջադրումներ լինեն, ընտրությունն էլ զրոյից սկսվի»: Պարույր Հայրիկյանն ասաց, որ իր ինքնազգացությունը հաշվի առնելով, երկուշաբթի, ամենաուշը երեքշաբթի բոլոր հարցերին վերջնական պատասխան կտա: «Կամ դիմում կգրեմ ՍԴ` երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, կամ էլ իմ մեջ ուժ կգտնեմ, որ նույնիսկ այդ հետաձգումը տեղի չունենա»,-ասաց նախագահի թեկնածուն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---