ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Երեւանում ձերբակալված եւ մաքսանենգության մեջ մեղադրվող թուրք գիտնականը հայտարարել է, որ գիտակցաբար ՀՀ որեւէ օրենք չի խախտել: Էքտան Թուրքյըլմազի այս բովանդակությամբ ուղերձը հանրությանը եւ իրավապահ մարմիններին փոխանցել է նրա մայրը, որը նախօրեին որդուն այցելելուց հետո հանդիպել է լրագրողներին: Գյուլսին Թուրքյըլմազը հայտարարել է, որ որդին իրեն մեղավոր չի ճանաչում, քանզի չի իմացել, որ Հայաստանում նման օրենքներ կան: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվե է Թուրքիայի քաղաքացի Էքտան Թուրքյըլմազը, որի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 50 տարուց ավելի վաղեմություն ունեցող 88 գիրք, որոնցից 7-ի համար թուրք գիտնականը չի ունեցել հատուկ մարմինների թույլտվություն: Էքտան Թուրքյըլմազը Ստամբուլի բնակիչ է եւ Հյուսիսային Կարոլինայի «Դյուք» համալսարանի ուսանող: Նրա հետաքրքրությունը դեպի Հայաստանի մշակույթը շատ բազմազան է: Նա փորձել է երկրից դուրս բերել բժշկական, կրոնական գրականություն, ինչպես նաեւ պատմության, աշխարհագրության եւ Հայաստանի ավանդական կուսակցությունների կայացման մասին գրքեր: Առաջադրված մեղադրանքը հաստատվելու դեպքում Էքտան Թուրքյըլմազին 4-8 տարի ազատազրկում է սպասում: Դատավարությունն սկսվում է այսօր: Ինչպես նշել է Գ. Թուրքյըլմազը, Թուրքիայի իշխանությունները գործից տեղյակ են, սակայն ոչինչ չեն ձեռնարկում: Այս պարագայում պիտի նկատի առնվի, որ Էքտան Թուրքյըլմազը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման դիրքերից, եւ նրա շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանի կարծիքով, անգամ մտավախություն կա, որ եթե գիտնականն ազատվի եւ վերադառնա Թուրքիա, այնտեղ նրա հանդեպ կարող է քրեական հետապնդում սկսվել, տեղեկացնում է «Արմենպրեսսը»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---