ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ. Ի.ԱԼԻԵՎԸ ԿԱԽՈՒՄ ՈՒՆԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԿԱՐԾԻՔԻՑ

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ ներկայիս «Պրահայի գործընթացը» կհանգեցնի կոնկրետ արդյունքի: Մենք արդեն անցել ենք այդ ամենի միջով»,-PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրման եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: «Մեր ժողովրդներին առաջարկել են տարբեր տարբերակներ: Եվ այժմ էլ առաջարկում են հերթականը, որի էությունը հետեւյալն է.փորձել միավորել երկու վերջին տարբերակները` փաթեթայինը փուլայինի հետ»,-ավելացրել է նա: «Մի կողմից, Հայաստանը վերադարձնում է Լեռնային Ղարաբաղի մերձակա 5 գրավյալ տարածքները (Լաչինի շրջանն ու Քելբաջարը առայժմ կգտնվեն հայերի հսկողության տակ): Այդ շրջաններ են վերադառնում փախստականները, բացվում են հաղորդակցությունները երկու հակամարտող կողմերի միջեւ: Իսկ ամենակարեւոր հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի 10-15 տարի անց հանրաքվեի միջոցով: Այժմ կողմերը վիճաբանում են տեխնիկական հարցերի շուրջ` քանի տարի անց (10,15,25,50) անցկացնել հանրաքվեն, ով է մասնակցելու դրան եւ այլն: Սակայն ընդհանուր առմամբ պայմանավորվածություն կա»,-նշել է Արիֆ Յունուսովը: «Ինչու՞ եմ ես վատատեսորեն տրամադրված: Բանն այն է, որ եւ նախագահները, եւ մեր ժողովուրդները առկա տրամադրությունների եւ հայացքների, ինչպես նաեւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի պատանդն են դարձել: Հայաստանում համոզված են, որ Ղարաբաղի հարցը փաստացի արդեն լուծված է, մնում է միայն սպասել, թե երբ միջազգային հանրությունը, եւ ադրբեջանական ժողովուրդը ուղղակի «կհասունանան» այդ փաստը հասկանալու համար: Այսինքն այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի կազմում կամ դառնա անկախ պետություն: Ինչ-որ կերպ Ադրբեջանի կազմում գոյատեւելու մասին խոսք անգամ չկա: Այդ պատճառով էլ փոխզիջում ակնկալել Քոչարյանից ուղղակի անլուրջ կլինի»,-հայտարարել է քաղաքագետը: Ադրբեջանում, ավելացրել է Ա.Յունուսովը, հակառակն է, «աճում է դժգոհությունը բանակցային գործընթացից եւ Ղարաբաղի ազատության համար հայերի հետ պատերազմի կողմնակիցների թիվը»: Սակայն Ադրբեջանի իշխանությունները կախված են Արեւմուտքից եւ առաջին հերթին ամերիկացիներից: Կասպյան նավթի մեջ ներդրված հսկայական գումարները, թույլ չեն տալիս Արեւմուտքին դիտարկել ղարաբաղյան հարցի լուծման ուժային միջոցները: Այսինքն Ի.Ալիեւը կախված է Արեւմուտքի կարծիքից, նշել է քաղաքագետը: «Ադրբեջանի իշխանությունները կարծում են, թե մեկ տարի անց Ադրբեջան կհոսեն հսկայական քանակի նավթադոլարներ եւ արդեն մի քանի տարի անց հայկական տնտեսությունը ցավալի վիճակում կհայտնվի: Այսինքն, կռվել էլ հարկավոր չէ: Սակայն, ադրբեջանական հասարակության ներսում իրավիճակը այլ է,-նշել է Ա.Յունուսովը: Նրա խոսքերով, Մինսկի խմբի դժգոհությանը ավելանում է նաեւ բարդ քաղաքական եւ տնտեսական իրավիճակը երկրի ներսում (Ադրբեջան-խմբ.) եւ այդ պատճառով Ալիեւը ստիպված է խուսանավել մուրճի եւ զնդանի միջեւ` Արեւմուտքի եւ բնակչության կարծիքի միջեւ: «Ինչպես եւ Քոչարյանը, նա նույնպես չի ցանկանում գնալ լուրջ բանակցությունների, քանի որ դրանք լուրջ զիջումներ են պահանջում: Իսկ դա հղի է ժողովրդականության կորստով սեփական ժողովրդի աչքերում: Մեծ հաշվով, եւ իշխանությունները, եւ երկու ժողովրդները այսօր ուղղակի պատրաստ չեն փոխզիջման: Երկու կողմերն էլ երբ խոսում են հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ենթադրում են լուծում իրենց օգտին»,-եզրակացրել է Արիֆ Յունուսովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---