ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԱՏՎԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Լատվիան եւ Հայաստանը սեպտեմբերի 6-ին համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում միջպետական համագործակցության մասին: Փաստաթուղթը Ռիգայում ստորագրել են Լատվիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Էյնար Ռեպշեն (Նոր ժամանակ կուսակցություն) եւ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ըստ Լատվիայի պաշտպանության նախարարության նախնական տվյալների, հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին եւ ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությանը հասնելուն: Այդ թվում նախատեսվում է փորձի փոխանակում խաղաղապահ գործողություններին մասնակցելու առումով եւ գործնական աջակցություն ռազմական ուսուցման ոլորտում: Համաձայնագիրը ստորագրելուց հետո, Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է, թե որքանով հեռու են գնուն ՆԱՏՕ-ի հետ կապված պլանները: «Մենք գտնում ենք, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեր ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է,-պարզաբանել է Ս.Սարգսյանը:,-Սակայն, դեռեւս արտաքին քաղաքականության մեր օրակարգում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր: Մենք գտնում ենք, որ պետք է համագործակցենք, պետք է համակարգենք մեր գործողությունները: Սակայն, դեռեւս ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր մենք չենք դնում»: Կնքված համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է.«Մեզ համար հետաքրքիր է զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու փորձը: Նպատակ չդնելով անդամակցել այդ կազմակերպությանը, մենք այնուամենայնիվ մասնակցում ենք համատեղ միջոցառումներին, եւ գտնում ենք, որ դրանից մեր զինված ուժերը միայն օգուտ կքաղեն»: Բանակցությունների ընթացքում, որոնք ընթանում էին փակ դռների ետեւում, Ս.Սարգսյանը ծանոթացրել է իր լատվիացի գործընկերոջը Հայաստանում ընթացող պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, նշելով, որ ոչ բավարար ֆինանսավորման եւ հանդերձավորման պատճառով ՀՀ պաշտպանության ոլորտը դեռեւս չի կարող հասնել ԵՄ եւ ՆԱՏՕ-ի չափանիշներին, սակայն ապագայում դա է լինելու Հայաստանի նպատակը: Ըստ ՀՀ ՊՆ ղեկավարի, Հայաստանը նախատեսում է լիովին վերակազմավորել իր Զինված ուժերը մինչեւ 2015 թվականը, այդ պատճառով շահագրգռված է համագործակցել Լատվիայի հետ որպես մի երկրի, որն ունի նման փորձ: Հայ նախարարը նաեւ շահագրգռվածություն դրսեւորել ծանոթանալու Լատվիայի Զինված ուժերի կառուցվածքին, միջազգային գործողություններում եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում ունեցած նրա փորձի հետ եւ հրավիրել է Լատվիայի պաշտպանության նախարարին Հայաստան պատասխան այցով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---