ԱՄՆ-Ն ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՔԱՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՏԱ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին եւ հույս ունի, որ վերջերս Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ Կազանում տեղի ունեցած հանդիպումը կտա իր արդյունքները: Այդ մասին, հանդես գալով Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մշտական խորհրդի նիստում (ԵԱՀԿ), Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին: Ջ.Ֆինլին հաստատել է Սպիտակ տան դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանն աջակցելու վերաբերյալ: Ջ.Ֆինլին հիշեցրել է, որ օգոստոսի 25-ին Կազանում ԱՊՀ նախագահների գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը զանգահարել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` կոչ անելով նրանց առաջընթաց արձանագրել փաստաթղթի ստորագրման հարցում: «Մենք կոչ ենք անում կողմերին շուտափույթ կարգավորել խնդիրը»,-ընդգծել է Ջ.Ֆինլին` նշելով, որ ԱՄՆ պետական դեպարտամենտը ավելի վաղ հրապարակել էր հայտարարություն, որտեղ հստակորեն ներկայացվել էր Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: «ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ ակտիվորեն մասնակցում է շարունակվող բանակցային գործընթացին»,-ընդգծել է դիվանագետը` նշելով, որ հակամարտության կարգավորումը իր դրական ազդեցությունը կունենա ողջ տարածաշրջանի բնակչության համար, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---