Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԿԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր տասչորսերորդ տարեդարձը նշում է որպես կայուն զարգացող պետություն: Մենք հաջողությամբ շարունակում ենք իրականացնել բարեփոխումների համապարփակ ծրագրերը: Ծրագրեր, որ գործնականորեն կընդգրկեն Հանրապետության կենսագործունեության բոլոր կողմերը: Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանի տնտեսական աճը բնորոշվում է երկնիշ թվերով: Սա արդյունքն է, առաջին հերթին, մեր ժողովրդի աշխատանքի եւ աշխատասիրության, ինչպես նաեւ իշխանությունների վարած արդյունավետ քաղաքականության: Սա հնարավոր էր ներքին քաղաքական կայունության պայմաններում, ինչը նախապայմանն է երկրի առաջընթացի համար: Կարեւոր է, որ զարգացման արդյունքները մեծապես ուղղվում են սոցիալական ոլորտ: Տնտեսության աճը պետք է անմիջապես ազդի մեր քաղաքացիների բարեկեցության վրա, եւ մենք վճռական ենք Աղքատության հաղթահարման ծրագրի ամբողջական իրագործման խնդրում:Աշխատանք եւ սոցիալական պաշտպանվածություն. սա պետք է լինի մեր կարգախոսը ապագա տարիների համար: Մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման երաշխիքներն են օրինականության ամրապնդումը, ավելի արդյունավետ կառավարումը եւ հասարակական համերաշխությունը: Շատ մոտ ապագայում Հայաստանում կանցնի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Հայաստանի ժողովուրդը 14 տարի առաջ այս օրը կատարել է իր պատմական ընտրությունը` կառուցել ազատ, ժողովրդավարական եւ բարեշեն երկիր: Այժմ պետք է կատարվի հաջորդ քայլն այդ ճանապարհին: Այն հնարավորություն է տալու ունենալ հավասարակշռված եւ արդիական Սահմանադրություն: Դրանով մենք կարձանագրենք լուրջ քաղաքական առաջընթաց եւ կամրապնդենք մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Դա նաեւ կլինի իրագործվող բարեփո֊խումների անշրջելիության լավագույն երաշխիքը: Արտաքին քաղաքականության ոլորտում մենք շարունակում ենք Հայաստանի միջազգային ներգրավվածության խորացումը` ակտիվ մասնակցելով մարդկությանը հուզող խնդիրների քննարկմանն ու լուծմանը: Տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ համագործակցությունը մենք համարում ենք առկա հակամարտությունների աստիճանական լուծման լավագույն եղանակ: Մենք հետամուտ ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, որ պետք է կառուցվի ԼՂՀ փաստացի գոյության եւ ժողովորդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա: Մեր երկիրն ապահով է եւ պաշտպանված շնորհիվ Հայաստանի զինված ուժերի, որ ծնունդն են անկախության եւ միաժամանակ նրա վահանը: Մեր բանակի ձեւավորման ակունքներում են այն հերոսները, որոնց արյան գնով այսօր ամուր հիմքերի վրա է կանգնած Հայաստանի Հանրապետությունը` համայն հայության հայրենիքը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ: Տոն, որ մեր ժողովրդի լավագույն զավակները երազել եւ իրենց ջանքերով մոտեցրել են դարեր շարունակ: Համոզված եմ, որ ներկա եւ գալիք սերունդները շարունակելու են այս սրբազան գործը` հանուն հզոր ու ծաղկուն Հայաստանի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---