Այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

Այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին, հայ ֆիդայապետ, զորահրամանատար և Ազգային հերոս, հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկի Անդրանիկ Օզանյանի՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է: Անդրանիկը նաև Բուլղարիայի ազգային հերոսն է:

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թ-ին անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը, որից հեռացել է 1917 թ-ին: Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

1918թ. մայիսի 28-ին Առաջին Հանրապետության հռչակումից հետո զորավարը բավական բարդ հարաբերությունների մեջ հայտնվեց Հանրապետության ղեկավարների հետ: Անդրանիկը չճանաչեց թուրքերի ու հայկական կառավարության միջև հունիսի 4-ին Բաթումում կնքված խաղաղությունը, ըստ որի ՀՀ տարածքը սահմանափակվում էր Էրիվանի ու Էջմիածնի գավառներով, ինչը կազմում էր 12 հազար քմ: Հայաստանի մնացած տարածքը թուրքական զորքերի տիրապետության տակ էր:

Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։ Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված եղավ հեռանալ արտասահման։

Առաջին աշխարհամարտից հետո թուրքական կառավարությունը որոնում էր նրան որպես հանցագործ և գլխագին էր սահմանել: Ֆրանսիայում, իսկ հետո Անգլիայում Անդրանիկը Կիլիկիայի հայերին օգնելու ծրագրեր էր մշակում: 1922թ. նա տեղափոխվեց ԱՄՆ:

Անդրանիկը մահացավ 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---