Այսօրվա ԱԺ նիստը ԲՀԿ պատգամավորին հիշեցրել է ՍՄԿԿ խորհրդարանը

Այսօրվա ԱԺ նիստը ԲՀԿ պատգամավորին հիշեցրել է ՍՄԿԿ խորհրդարանը

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ-ում գրական ստեղծագործությունների և գրողներին մեջբերելու օր էր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երջանկահիշատակ մեծերին մեջբերել չի սիրում, բայց հայտարարությունների ժամին ստիպված էր մեջբերում անել Միխայիլ Բուլգակովից:

«Եթե Բուլգակովը որոշեր իր «Ժամանակի մեքենան»`«Իվան Վասիլևիչ» պիեսը, որի հիման վրա նկարահանվեց «Իվան Վասիևիչը փոխում է մասնագիտությունը» հայտնի ֆիլմը, մեկ րոպեով կիրառել այս խորհրդարանի վրա, այն առանց ավելորդ ջանքերի կվերածեր ՍՄԿԿ խորհրդարանի, որովհետև այնքան քծնանք, շողոքորթություն, կենաց, ես դժվարանում եմ անգամ դրանցից որոշները ելույթ կոչել, որ հնչեցին այս դահլիճից, այնքան, որքան հնչեց այստեղ, երևի թե սովետական խորհրդարանում չի հնչել: Անպայմանորեն ժանրի կանոնները պահպանելով՝ կենաց-ելույթի հաջորդ հատվածը քննադատություն է ընդդիմախոսի հասցեին: Ես ցավում եմ, որ քծնանքն ու շողոքորթությունը շարունակում են մնալ մեր երկրում քաղաքական կատեգորիա»,-»,- հայտարարեց ԲՀԿ պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ երկրում փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին և նշեց, որ տևական ժամանակ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է ինքը, պնդում է, որ երկրում առկա են լրջագույն սոցիալական, տնտեսական, քաղաքական մարտահրավերներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում:

«Մեզ այն ժամանակ մեղադրում էին անձերի դեմ «խաչակրաց արշավանք» կամ «սրբազան պատերազմ» հրահրելու մեջ: Գիտեք, մենք որևէ մեկի դեմ երբևէ պատերազմ չենք հայտարարում, որովհետև որևէ մեկը արժանի չէ, որ ԲՀԿ-ն նրա հետ պատերազմ մղի: Մենք ասում էինք, որ եթե երկրում չեն լուծվում լրջագույն խնդիրները, եթե ամեն օր կառավարությունը բերում է նախագծեր և փորձում է տարբեր օրենսդրական մանիպուլիացիաներով ուղղակիորեն թալանել միջին խավը ձևավորող ստոմատոլոգներին, տաքսիստներին, հաշվապահներին , ապա սրա պատասխանը լինելու է ահա այդ բողոքավոր մեր համաքաղաքացիների թվի մեծացումը: Նման տրամադրություն ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը մեծանում է, երբ կառավարությունը 340 հազար դոլարով երկու հատ զուգարան է գնում և դրա համար որևէ մեկը չի պատժվում: Եվ պետք չէ դեմագոգիայով զբաղվել ու ասել, թե մենք տուրիզմ ենք զարգացնում: Տուրիզմ զարգացնելու համար սկսեք նրանից, որ ձեր ավիատոմսերն աշխարհում ամենաթանկը չլինեն և ձեր հյուրանոցները չլինեն եվրոպական ամենաբարձր մակարդակի ամենաթանկ մայրաքաղաքների հյուրանոցների գներին: Դրանից ուղղակիորեն կոռուպցիոն խնդիրների հոտ է գալիս»,- ասաց պատգամավորը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---