ՀՅԴ. Երևանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար կունենա վճռական նշանակություն

ՀՅԴ. Երևանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար կունենա վճռական նշանակություն

PanARMENIAN.Net - Շարժման վերջնական նպատակը շատ հստակ է և անփոփոխ՝ հասնել ժողովրդի լիակատար իշխանության հաստատմանը երկրում բոլոր մակարդակներով: Այս մասին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Դրան տանող ամենավստահելի ճանապարհն է՝ շարժումն ուղղորդել հանգրվանային հաջողություններ արձանագրող տևական պայքարի հունով: Այսինքն` եթե տվյալ պահին չի հաջողվում իշխանությունը վերցնել ամբողջությամբ և միանգամից, դա մեզ չպետք է հիասթափեցնի, այլ մղի մեզ դրան հասնել աստիճանաբար՝ հանգրվան առ հանգրվան»,- ասել է նա:

Ըստ Արմեն Ռուստամյանի` սա պայքար է լայն ճակատով` սկսած ամեն շենքից, թաղամասից, բնակավայրից, քաղաքից մինչև հանրապետության ամենաբարձր մակարդակները: «Եվ այս պայքարի մեջ է, որ մեզանից յուրաքանչյուրն իր տեղն ու դերը կտեսնի, ամեն մեկն իր անելիքը կունենա: Այս պայքարն է, որ կհանգեցնի այնպիսի իշխանափոխության, որ ամբողջական կլինի, որ չի ավարտվի սոսկ մարդափոխությամբ, ինչը մենք բազմիցս տեսել ենք, որն իսկապես կհաստատի ժողովրդի իշխանությունը և կերաշխավորի երկրում արմատական փոփոխությունների իրականացումը»,- հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Նա տեղեկացրել է, որ առաջնահերթ քայլերի գործադրման ծրագիր Դաշնակցությունը առաջարկել է, և իրենք համոզված են, որ անհրաժեշտ է ողջ ներուժը ներդնել դրա իրականացումը հաջողելու համար: Սակայն, ըստ Արմեն Ռուստամյանի, ժողովրդի տևական և աննահանջ պայքարը ապահովելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ձևավորել շարժման ողնաշարը՝ նրա կազմակերպական կառույցը՝ սկսած կենտրոնական ղեկավարումից մինչև շարժման մարզային ու համայնքային ստորաբաժանումների կազմավորումը:

«Այսօր իշխանության հասնելու` շարժման առաջին հանգրվանը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի նման երկրում Երևանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար վստահաբար կունենա վճռական նշանակություն իշխանության միահեծան այս վիճակը փոխելու և իշխանություններին շատ ավելի լուրջ զիջումներ պարտադրելու ճանապարհին: Այսպես ձևավորված և կազմակերպված շարժումն է, որ, գործելով «հանդարտ ուժի» տրամաբանությամբ, հետզհետե թափ է հավաքելու, դառնալու է անկասելի և անպայմանորեն հասնելու է իր նպատակին, և մենք բոլորս ապրելու ենք մեր երազած Հայաստանը»,- եզրափակել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---