Հոկտեմբերի 6-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լատվիայի նախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լատվիայի Հանրապետության նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան, ամուսնու` Իմանթս Ֆրեյբերգայի հետ: Այցը կկայանա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, մշակույթի նախարարները, պաշտոնատար այլ անձինք, շուրջ 50 գործարարներ: Այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը, նախանշել տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղությունները: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ: Նշենք, որ 2005թ. ապրիլին Վայրա Վիկե-Ֆրեյբերգան ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի նախաձեռնությամբ ստեղծված աշխարհի առաջնորդների թիմում, որոնք որպես Գլխավոր քարտուղարի պատվիրակներ պետք է աջակցեն ՄԱԿ-ի բարեփոխումների իրականացման գործընթացին:



Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Այնուհետեւ տեղի կունենա երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները կստորագրեն համատեղ հռչակագիր, կստորագրվեն նաեւ համաձայնագրեր երկու երկրների կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային բնագավառում համագործակցության մասին եւ միջգերատեսչական փաստաթուղթ մշակույթի բնագավառում համագործակցության մասին: Պաշտոնական այցի ընթացքում Լատվիայի նախագահը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Հայաստանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական բիզնես ֆորումի փակումը: Նախագահ Ֆրեյբերգայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Բացի այդ, Լատվիայի նախագահը հանդիպում կունենա նաեւ Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան կայցելի Գանձարան եւ Մայր տաճար: Նա կլինի նաեւ Կոնյակի գործարանում, Մարտիրոս Սարյանի այգում: Հոկտեմբերի 8-ին Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---