Հրանտ Դինք. Ես ոտքի կհանեմ ողջ աշխարհը

PanARMENIAN.Net - Թուրքիայի տեղական դատարանի վճռով վեցամսյա պայմանական ազատազրկման դատապարտված, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը արդեն դիմել է Թուրքիայի Բարձրագույն դատարան: Նախորդ շաբաթ Դինքը հայտարարել էր, որ «եթե իր վրայից չհանվի այս մեղադրանքը, կհավաքի ընտանիքն ու կհեռանա Թուրքիայից, ինչպես արել են իմ պապերը` անձայն, անշշուկ ` վերցնելով իրենց ընտանիքները, ես էլ նույնը կանեմ... Բայց նրանց պես անձայն չեմ գնալու այս երկրից... Աշխարհը ոտքի պիտի հանեմ»,-հայտարարել է նա:

Հրանտ Դինքը ասաց, որ աջակցության արտահայտությամբ բազում զանգեր ու նամակներ է ստանում համալսարաններից, մտավորականներից, նույնիսկ քաղաքական գործիչներից: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ստամբուլի տեղական դատարանը վեցամսյա պայմանական ազատազրկման դատապարտեց Հրանտ Դինքին` ամբաստանելով թուրքերին անարգելու մեջ:



Դինքը վիճարկված հոդվածում հայությանը հորդորել էր իրենց արյունն ատելությամբ չթունավորել թուրքերի հանդեպ, այլ մտածել Հայաստանի ապագայի մասին: Դատարանը, սակայն, վճռել էր, թե Դինքը թուրքերի արյունն է բնորոշել որպես թունավոր: «Երբեք չեմ անարգել, ես որեւէ ազգ երբեք չեմ անարգի: Հայը նման բան չի անի: Մենք չենք անարգում, բայց մեր իրավունքը փնտրում ենք: Ես էլ հենց դա եմ անում` իմ իրավունքն եմ փնտրում, իմ պապերի իրավունքն եմ փնտրում»,-հայտարարել է Հ.Դինքը: Վիճարկված հոդվածում մի քանի տեղ եղել է ցեղասպանության հիշատակում, եւ, ըստ Դինքի, հենց դա է իրեն դատելու իրական պատճառը: «Բայց այդ ուղղությամբ չեն հանդգնում ինձ պատիժ նշանակել եւ բանտարկել, քանի որ դա միջազգային մեծ աղմուկ կհանի», - ասաց նա` ավելացնելով, որ դատելու նպատակը իրեն լռեցնելն է: Թուրքիայի բարձրագույն դատարանի կողմից չարդարացվելու դեպքում Հրանտ Դինքը մտադիր է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Դեկտեմբերին գրեթե նույնպիսի դատավարություն Թուրքիայում սպասվում է 0րհան Փամուկի նկատմամբ` ցեղասպանության մասին իր արտահայտությունների համար: Հանրահայտ գրողը գրականության նոբելյան այս տարվա հավանական մրցանակակիրներից է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---