ԼՂՀ-ում այսօր մեկնարկում է հանրապետության պատմության մեջ առաջին մարդահամարը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ուղերձ է հղել Արցախի ժողովրդին ԼՂՀ 2005 թ. մարդահամարի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասված է.«Հոկտեմբերի 18-ին մեկնարկում է մեր հանրապետությունում անցկացվելիք առաջին մարդահամարը, որը կիրականացվի մինչեւ հոկտեմբերի 27-ը ներառյալ: Ինչպես հայտնի է, համաձայն միջազգայնորեն ընդունված կարգի, մարդահամարները սովորաբար կրկնվում են յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ: Լեռնային Ղարաբաղում վերջին մարդահամարն անցկացվել է դեռեւս խորհրդային իշխանության օրոք` 1989 թվականին, մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բուռն շրջանում: Ցավոք, հետագայում Ադրբեջանի կողմից մեր ժողովրդին պարտադրված պատերազմը եւ նրա հետեւանքով երկրում առաջացած բարդ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակը, իսկ հետպատերազմյան շրջանում` նաեւ ավերված տնտեսության վերականգնման, բնակչության թեկուզեւ նվազագույն կենսապայմանների ապահովման հրատապ անհրաժեշտությունը, եւ այդ ամենով պայմանավորված` բավարար նպատակային միջոցների բացակայությունը մեզ հնարավորություն չտվեցին Լեռնային Ղարաբաղում ճիշտ ժամանակին անցկացնել հերթական մարդահամարը:



Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի նշանակություն կունենա մարդահամարի անցկացումը ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման, բնակչության զբաղվածության ու բարեկեցության ապահովման հեռանկարների սահմանման գործում, ինչը, բնականաբար, մեզ թույլ կտա իրատեսորեն ծրագրավորել մեր հետագա անելիքները` ուղղված Արցախի անկախ պետականության ամրապնդմանը, երկրի շենացմանն ու նրա պաշտպանունակության բարձրացմանը: Մարդահամարի պատշաճ կազմակերպման եւ անցկացման համար ստեղծվել են բավարար օրենսդրական ու նորմատիվ հիմքեր, ձեռնարկվել են համապատասխան կազմակերպական-նախապատրաստական միջոցներ:



Դեռեւս 2002 թվականին ընդունվել է «Մարդահամարի մասին» ԼՂՀ օրենքը, որի հիման վրա հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ եւ այլ նորմատիվ փաստաթղթերով սահմանվել է մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման ժամկետը, մշակվել են աշխատանքների ծրագիրը, ժամանակացույցը, կարգը, մեթոդաբանությունը, ձեւավորվել է նյութատեխնիկական եւ ֆինանսական բազան: Նշանակվել է մարդահամարի իրականացման պետական լիազոր մարմինը` հանձինս ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության: Հաստատվել են մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման հանրապետական ու շրջանային (քաղաքային) հանձնաժողովների կազմերը, ձեւավորվել տեղական ենթակառույցները: Լուծվել են բոլոր պատասխանատու օղակների կադրային, տեխնիկական եւ մեթոդաբանական ապահովման խնդիրները, իրականացվել անձնակազմերի` շուրջ 600 մարդու, հատուկ ուսուցում: Բացի այդ, հանրապետության պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարված է ամենայն աջակցություն ցուցաբերել մարդահամարի անցկացմանը: Մի խոսքով, առկա են բոլոր նախադրյալները` մարդահամարը հաջողությամբ իրագործելու համար:



Դիմելով ձեզ, հարկ եմ համարում հիշեցնել` մարդահամարը համընդհանուր պարտադիր բնույթ է կրում: Ուստի կոչ եմ անում բոլորիդ` ԼՂՀ քաղաքացիներին, ժամանակավոր կամ մշտական հիմունքներով մեր երկրում գտնվող անձանց` հարգանք ցուցաբերել հաշվարարների աշխատանքի նկատմամբ ու մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին ձեր ճշգրիտ եւ սպառիչ պատասխաններով աջակցել նրանց` կատարելու իրենց պարտականությունները: Ակնկալում եմ, որ մեր բնակչությունն ըմբռնումով եւ ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվի մարդահամարի բարեհաջող անցկացմանը, քաջ գիտակցելով նաեւ, որ այն պետք է նշանավորի մեր եւս մեկ էական առաջընթաց քայլը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության միջազգային ճանաչման ճանապարհին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---